Նախկինում դատվածություն չունեցող Վիգեն Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ նոյեմբերի կեսերին մուտք է գործել Ռ.Վլասենկոյի ավտոտնակ և գողացել անսարք, զգալի չափի՝ 50.000 ՀՀ դրամ արժողության «Ասեր» ապրանքանիշի նոթբուք համակարգիչ:
Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտվել է կալանավորումը:
Նշենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի՝
1. Գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունը`պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Գողությունը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) խոշոր չափերով,
3) պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
3. Գողությունը, որը կատարվել է՝
1) առանձնապես խոշոր չափերով,
1.1) բնակարան ապօրինի մուտք գործելով,
2) կազմակերպված խմբի կողմից`
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net