«Օնիկ ջան, պետք չի»․ Փաշինյանը՝ Օնիկ Գասպարյանին ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից ազատելու մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 25-ին, Հանրապետության Հրապարակում, հանրահավաք ժամանակ ասաց․

«Ուզում եմ բացատրել նաև՝ ինչո՞ւ է այդպես եղել։ Ոչ թե այն պատճառով, որ անխելք ենք եղել: Ժողովուրդ, երբ այս հրապարակում մենք հեղափոխություն ենք արել, ասել ենք, որ դա պետք է լինի սիրո և համերաշխության հեղափոխություն: Բայց այդպես ենք ասել, և ասել ենք, որ բոլորը շանս պետք է ունենան։ Ոչ մեկի նկատմամբ վենդետա մենք չենք արել, բայց ով ինչպես կարողացել է, մեզ թիկունքից խփել է՝ դատավորները խփել են, պետական պաշտոնյաները խփել են, ով որտեղ կարողացել է, մեզ խփել է: Եվ պատերազմի ժամանակ էլ նրանք ամեն օր երազում էին մեր բոլորի պարտությունը, որ ամսի 9-ին մտնեն այս շենք և ժողովրդի իշխանությունը վերցնեն իրենց ձեռքը:

Մենք երազել ենք և ամեն ինչ արել ենք հաղթանակի համար։ Նրանք երազել են պարտության համար, որովհետև նրանք մտքում արդեն պարտվել էին, նրանք թղթի վրա արդեն պարտվել էին։ Դրա համար էլ մտնում էին զինվորների մեջ և ասում էին՝ այս հողերը ծախած են, ամբողջը պայմանավորված է, ինչո՞ւ եք կռվում, անիմաստ է կռիվը, փախեք, գլուխներդ ազատեք այստեղից: Այդ փախնողները եկան հրապարակ և գրոհեցին կառավարության շենքը: Այս է ճշմարտությունը, ժողովուրդ: Բայց իմ առաջարկն էլի ուժի մեջ է մնում՝ հիմա, խորհրդարանական ընտրությունների հետ կապված, էլի խորհրդարանական ուժերին ասում եմ և բոլոր ուժերին եմ ասում՝ եկեք իրար հետ օրը, ժամը որոշենք: Լավ, եկեք կոնսուլտացիաներ սկսենք այդ թեմայով։

Բայց հաջորդ քայլը՝ Զինված ուժերի հետ կապված այս իրավիճակը պետք է հանգուցալուծվի: Ես այսօր Հանրապետության նախագահի հետ հեռախոսազրույց եմ ունեցել և ասել եմ, որ, իմ կարծիքով, ինքը պարզապես իմ ներկայացրած որոշումը պետք է ստորագրի: Եթե Հանրապետության նախագահը միջնորդությունը չի ստորագրում, այսինքն ի՞նչ, միանո՞ւմ է պետական հեղաշրջմանը: Շատ պարզ ընտրություն է:

Եվ երկրորդ ընտրությունը հետևյալն է՝ Օնիկ Գասպարյանը, որին ես նշանակել եմ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, որին ես շնորհել եմ գեներալ-լեյտենանտի կոչում, որին ես շնորհել եմ իմ միջնորդությամբ գեներալ-գնդապետի կոչում, որին ես պատերազմի ընթացքում վերաբերվել եմ 100 տոկոս վստահությամբ, հիմա հետահայաց հասկանում եմ,  որ շատ դրվագներում այդքան էլ ճիշտ չեմ վերաբերվել, ճիշտ չեմ վարվել, որ 100 տոկոսով վստահությամբ եմ վերաբերվել: Օնիկ Գասպարյանը ինքը թող ուղղակի դիմում գրի և հրաժարական տա գնա։ Այս ժողովրդին պետք չի անընդհատ ցնցումների ենթարկել, Օնիկ ջան»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել