«Հայրենիքի փրկության շարժումը» հայտնում է, որ շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, քիչ առաջ դիմելով Ազգային ժողովի շենքի մոտ հավաքված ժողովրդին, ասել է․
«Նիկոլի հետ միայն խոսելու մի բան ունենք՝ քննարկել, թե ոնց է հեռանալու իշխանությունից: Իշխանության հարցը լուծվելու է ԱԺ-ում, ուրեմն մեր շտաբն այստեղ է:
Թող գա, մենք իրեն թելադրենք, թե ինչ պահանջներ ունենք, ոնց պետք է հեռանա:
Մենք կմնանք այստեղ, կսպասենք ԱԺ պատգամավորներին կամ նրանց կբերենք, որ գան, քվեարկեն, Նիկոլին հեռացնեն:
Պատրաստվե՛ք, ամբողջ գիշեր այստեղ ենք մնալու։
Ժողովո՛ւրդ, մի՛ հոգնեք, մեր ապագա բոլոր սերունդների համար ենք հիմա պայքարում: Եղեք տոկուն, համբերատար»։
Այսօր՝ փետրվարի 25-ին, ԶՈՒ ԳՇ ղեկավարությունը՝ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ պահանջել է վարչապետի հրաժարականը։ Հայտարարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնահատել է որպես ռազմական հեղաշրջման փորձ։ Նա իր կողմնակիցների հրավիրել է Հանրապետության Հրապարակ՝ նրանց հետ խոսելու համար։
Նա նշեց, որ երեկ և այսօր որոշումներ է կայացրել պաշտոնից ազատել ինչպես Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի, այնպես էլ պետին՝ Օնիկ Գասպարյանին, որին հետևել է ԳՇ-ի հայտարարությունը։
«Այն ինչ տեղի է ունենում, ես որակում եմ որպես ռազմական հեղաշրջման փորձ։ Տեղի ունեցած ամբողջ պատասխանատվությունը ես վերցրել եմ ինձ վրա և հարցերի ես ինքս կպատասխանեմ։ Եկել ենք մի փուլի, որտեղ, ցավոք սրտի, մեր որոշ բարձրաստիճան զինվորականների հարցեր տալուց չենք կարող խուսափել, որովհետև եթե ուզում ենք, որ պատերազմի վերաբերյալ ամբողջ ճշմարտությունը հայտնի դառնա, մեր մի քանի բարձրաստիճան զինվորականների չենք կարող հարցեր չտալ, բայց մի քանի գեներալների դուր չի գալիս, որ մենք կարող ենք իրենց ուղղված հարցեր ունենալ մի քանի դրվագների վերաբերյալ։ Մենք պիտի իմանանք մի շարք հարցերի պատասխաններ, կոնկրետ մարտական, ռազմական դրվագների հետ կապված, ինչ կապեր են եղել որոշ բարձրաստիճան սպաների և որոշ քաղաքական շրջանակների միջև, ովքեր էին, որ պատերազմի ընթացքում կապվում էին բանակի հետ և փոխանակ ասեն՝ ձեր մարտերը տարեք, հորդորում էին, որ պետք է իշխանության խնդիրը լուծել»,-նշեց նա։