ՀՀ քաղաքաշինության նախարարությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ «Հեկտոր» ՍՊԸ-ի` լիցենզիայի գործողությունը դադարեցնելու պահանջի մասին։
Համաձայն ««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 8-ի Հ0-227-Ն օրենքի` քաղաքաշինության բնագավառի լիցենզիաները ըստ գործունեության տեսակների համախմբվել են մեկ բնագավառում՝ «Շինարարության իրականացում (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների)»։ Համաձայն նշված օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի՝ քաղաքաշինության բնագավառում գործող լիցենզիաները ենթակա էին վերաձևակերպման օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում (Սույն օրենքն ուժի մեջ է մտել 2011 թվականի հունվարի 1-ից)։ Նշված ժակետում լիցենզիաները չվերաձևակերպելու դեպքում լիազոր մարմինը լիցենզիաների գործողությունը դադարեցնելու հայցով դիմում է դատարան։ «Հեկտոր» ընկերությունը 2010 թվականի ապրիլի 1-ին ստացել է «Շինարարության իրականացում՝ ըստ բնակելի, հասարակական և արտադրական ոլորտի» թիվ 13990 լիցենզիան։
Սակայն վերը նշված ընկերությունը չի իրականացրել օրենքի պահանջը, ուստի խնդրել են դադարեցնել «Հեկտոր» ընկերությանը 2010 թվականի ապրիլի 1-ին տրված «Շինարարության իրականացում՝ ըստ բնակելի, հասարակական և արտադրական ոլորտի» թիվ 13990 լիցենզիայի գործողությունը։
Դատարանի եզրահանգմամբ՝ «Հեկտոր» ՍՊԸ-ն, խախտելով օրենքի վերը նշված պահանջը, չի վերաձևակերպել քաղաքաշինության բնագավառի իր լիցենզիաները։
Ուստի դատարանը վճռեց ՀՀ քաղաքաշինության նախարարության հայցն ընդդեմ «Հեկտոր» ՍՊԸ-ի` լիցենզիայի գործողությունը դադարեցնելու պահանջի մասին, բավարարել։
Աղբյուրը` Իրավաբան.net