ՀՀ ԿԱ ՊԵԿ Կենտրոնի հարկային տեսչությունը դատարան ներկայացրած հայցադիմումով խնդրել է «Իվերիակինտո» ՍՊ ընկերությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 1.386.800 ՀՀ դրամ, ինչպես նաև նախապես վճարված պետական տուրքի գումարը։ Միաժամանակ միջնորդել է հայցագնի չափով արգելանք դնել պատասխանողին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա։
Հաստատագրված վճարի գծով պատասխանողի պարտավորությունը կազմում է 109.600 ՀՀ դրամ, որից ապառք` 107.200 ՀՀ դրամ, տույժ` 2.400 ՀՀ դրամ, որն առաջացել է 2010 թվականի հուլիսից դեկտեմբեր ամիսների համար ներկայացված հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների մասին հայտարարությունով և ապառքի գումարը ժամանակին չվճարելու հետևանքով։ Պարտադիր սոցիալական ապահովության վճարի գծով պարտավորությունը կազմում է 250.700 ՀՀ դրամ, որից ապառք` 228.000 ՀՀ դրամ, տույժ` 22.700 ՀՀ դրամ, որն առաջացել է 2010 թվականի հուլիսից դեկտեմբեր ամիսների հաշվետվություններից և ապառքի գումարը ժամանակին չվճարելու հետևանքով։
Եկամտահարկի գծով պարտավորությունը կազմում է 198.500 ՀՀ դրամ, որից ապառք` 160.500 ՀՀ դրամ, տույժ` 38.000 ՀՀ դրամ, որն առաջացել է 2009 թվականի 4-րդ, 2010 թվականի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ եռամսյակների` կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց վճարված եկամուտների, պահված եկամտահարկի հաշվարկներով և ապառքի գումարը ժամանակին չվճարելու հետևանքով։ Հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտման համար նշանակված տուգանքի գծով` 810.000 ՀՀ դրամ, որն առաջացել է 13.05.2010 թվականի թիվ 2323210 ակտից, 13.11.2010 թվականի թիվ 1307715 ակտից և տուգանքի գումարը սահմանված ժամկետում չվճարելու հետևանքով։
Գործի քննությամբ հիմնավորվել է, որ Պատասխանողը չի վճարել 13.11.2010 թվականի թիվ 1307715 ստուգման ակտով առաջադրված տուգանքի գումարը, որը «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի հինգերորդ մասի ուժով կրկնապատկվել է և կազմում է 600.000 ՀՀ դրամ։
Դատարանը որոշեց հայցը բավարարել մասնակի։ «Իվերիակինտո» ՍՊ ընկերությունից հօգուտ ՀՀ բռնագանձել 1.176.700 ՀՀ դրամ, իսկ վարչական գործի վարույթը՝ 105.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասով, կարճել։
Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: