Հայերենը կա և կմնա մեր պետական լեզուն, մեր ինքնության, մեր անցյալի, ներկայի ու ապագայի կարևորագույն գրավականը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։
«Առանձնակի կարևորություն ունի նաև Սփյուռքի հետ կապերի և այստեղ կարևոր քայլերից մեկն էլ այն է, որ մենք պետք է ամրապնդենք մեր կապերն այն երկրների հետ, որտեղ կա մեծ հայկական սփյուռք: Ռուսաստանում ապրում է ամենամեծ հայկական սփյուռքը, այդ սփյուռքի մի պատկառելի մասը արմատներով արցախցի է:
Որոշ տվյալներով՝ մինչև 1 մլն մարդ: Նրանց համար ռուսաց լեզուն այսօր հիմնական լեզուն է: Հետևաբար ռուսաց լեզվին նոր կարգավիճակ տալը կարևոր է այս տեսանկյունից:
Մենք այսօր էլ մեր սուբյեկտայնությունը, աշխարհաքաղաքական կայունությունը պետք է պահպանենք, իսկ դա նշանակում է, որ Արցախը պետք է ամուր դիրքեր ունենա ինչպես Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում, այնպես էլ սփյուռքի:
Սա ամենակարևոր գործոններից մեկն է, սուբյեկտայնության և աշխարհաքաղաքական գործոն լինելը պահելու գրավականներից: Արցախը արժեք է և այդպիսին պետք է մնա թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում: Արցախի խոսքը պետք է շատ ծանրակշիռ և վճռորոշ լինի: Իսկ այս տեսանկյունից այս քայլը միայն կուժեղացնի մեր դիրքերը»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Արցախի Ազգային ժողով է ներկայացվել «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծ, որոն նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական լեզուներ սահմանել գրական հայերենը և ռուսերենը:
Նշվում է, որ պաշտոնական խոսքում ԼՂՀ քաղաքացիները պարտավոր կլինեն պահպանել գրական հայոց լեզվի կամ ռուսաց լեզվի անաղարտությունը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մարմինները, իրավաբանական անձինք, հիմնարկները և կազմակերպությունները պարտավոր կլինեն համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում, հրապարակային ատենախոսությունների և պաշտոնական ու հանրային միջոցառումների, հեռուստառադիոհաղորդումների ժամանակ ապահովել ոչ հայերեն ելույթների հայերեն թարգմանությունը՝ բացառությամբ ռուսերենի։
Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը խրախուսում է հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակությունները, մամուլը, ինչպես նաև հայերեն և ռուսերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, տեղեկատու, գիտամեթոդական, գիտահանրամատչելի գրականության ստեղծումը: