Ոստիկանները բացահայտել են Ջունգլիների առանձնատնից արված գողությունը

Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները փետրվարի 11-ին օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ երկու հոգի Վանաձորի Սանկտ Պետերբուրգի փողոցի մի առանձնատնից գողություն են անում:

Ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում է․

«Երեկոյան ժամը հինգի կողմերն էր: Բաժնի ծառայողներն արագ մեկնեցին դեպքի վայր: Ընթացքում որոշում կայացվեց նախ դարանակալել: Տեղ հասնելով և մնալով աննկատ` ոստիկանները տեսան տան բակից հեռացող երկու երիտասարդի: Նրանց ձեռքին տոպրակներ կային, նաև տանում էին ծածկոցի մեջ փաթաթած, հեռուստացույցի նման ինչ-որ իր: Անմիջապես բռնելը դժվար էր, հնարավոր փախուստի ուղիները շատ էին. իզուր չէ, որ ժողովուրդը թաղամասը կոչում է Ջունգլիներ։ Իրավիճակն արագ գնահատելով` ոստիկանները նախ փակեցին փախուստի ճանապարհները: Այդ ընթացքում մոտ 100 մետր հեռանալով` կասկածելի երիտասարդները ծածկոցը թաքցրին թփուտների մեջ ու տոպրակները ձեռքերին` շարունակցին գնալ Ներսիսյան փողոցի ուղղությամբ:

Հասավ բռնելու պահը: Բաժնի ծառայողների հմուտ գործողությունների արդյունքում երիտասարդներից մեկը փախուստի պահին բռնվեց հենց տեղում, մյուսը կարողացավ հասնել Ներսիսյան փողոց, որտեղ նրան սպասում էին: Երկուսն էլ, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեցին ոստիկանության Բազումի բաժին:

26 և 22 տարեկան վանաձորցի երիտասարդները բաժնում խոստովանեցին արարքը: Նախ ճշտել էին, որ տանտերերը դուրս են եկել տնից, ապա լուսամուտը լինգով բացել, մտել էին առանձնատուն ու գողացել հեռուստացույց, բիժուտերիա և կոնյակ: Փախուստի պահին նետել էին ձեռքի տոպրակները, սակայն անձնական խուզարկությամբ մեկի գրպանից հայտնաբերվեց ոսկեգույն մետաղից կախազարդով շղթա: Նա հայտնեց, որ շղթան գողացել է նույն տան առաջին հարկից:

Գողոնը հայտնաբերելու նպատակով բաժնի ծառայողները, այսպես ասած՝ սանրեցին երիտասարդների փախուստի ուղին: Հայտնաբերվեցին հափշտակված թվային ֆոտոխցիկ, բջջային հեռախոս, հեռակառավարման վահանակ: Սրանք էլ առգրավվեցին որպես իրեղեն ապացույց:

Երկուսն էլ ձերբակալվել են, իսկ փետրվարի 13-ին 26-ամյա երիտասարդը կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել