Քաղաքացիների մի մասը պատվաստանյութը անվճար կստանա․ նախարարը ներկայացրեց խմբերը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստից հետո ճեպազրույցների ընթացքում հայտարարեց, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ստանալուց հետո սկզբում կպատվաստվեն հետևյալ խմբերը․

1) Տարեց անձանց սոցիալական պաշտպանության հաստատությունների բնակիչներ և աշխատակիցներ, այլ սոցիալական պաշտպանության հաստատությունների աշխատակիցներ,

2) Բուժաշխատողներ,

3) 65 տարեկան և բարձր տարիքի անձինք՝ սկսելով 80 տարեկան և բարձր տարիքի անձանցից,

4) 16-64 տարեկան քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ ըստ առանձին պատվաստանյութերի վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունների և Առողջապահության նախարարի հրամանով հաստատված առանձին պատվաստանյութերի կիրառման ուղեցույցների:

«Հայաստանում փոքր թվով պատվաստանյութեր արդեն օգտագործվել են. մասնավորապես, մի քանի մարդ պատվաստվել է Ռուսաստանի Դաշնությունից նվեր ստացած «Sputnik-V» դեղամիջոցով: Մոտ ապագայում Հայաստանն ավելի շատ դեղամիջոցներ կստանա ու կկարողանա սկսել պատվաստումները բնակչության ավելի լայն շրջանակների համար: Ռիսկային խմբերի մարդիկ կկարողանան պատվաստանյութն անվճար ստանալ, իսկ թե որքան կարժենա պատվաստանյութը մյուս քաղաքացիների համար, դեռ հայտնի չէ»,- ասաց նախարարը:

Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ կառավարությունը կներմուծի միայն այն պատվաստանյութերը, որոնք հաջողությամբ անցել են կլինիկական փորձարկումների երրորդ փուլը: «Մասնագետների խումբը կգնահատի դրանց արդյունավետությունը, կողմնակի ազդեցությունների ռիսկը, արժեքն ու կտա իր եզրակացությունը դրանց օգտագործման նպատակահարմարության մասին: Մինչ այժմ մասնագիտական հանձնաժողովը` փորձագետները, հաստատել են AstraZeneca-ի և Pfizer-ի, ինչպես նաև ռուսական Sputnik-ի պատվաստանյութերի օգտագործումը: Միայն Pfizer-ի մասով ջերմային ռեժիմի ապահովման հետ կապված հարցեր կան, որոնք պետք է կարգավորվեն: Իսկ Հայաստանի կողմից ներմուծվող պատվաստանյութերի քանակը կախված կլինի մի քանի գործոնից, այդ թվում` դրանց արժեքից ու նրանից, թե որքան գումար կարող է պետությունը հատկացնել դրա համար»,- ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել