ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ցավակցություն է հայտնել Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի մահվան առիթով:
«Խորը ափսոսանքով տեղեկացա Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի մահվան մասին։
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի և անձամբ իմ անունից հայտնում եմ մեր անկեղծ ցավակցությունը Սերգո Կարապետյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին։
Կորստի այս ծանր պահին ընդունեք մեր վշտակցությունն ու զորակցությունը»,-նշվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ Սերգո Կարապետյանը մեղադրյալ էր դիզելային վառելիքի ձեռքբերման նպատակով իրականացված պետական աջակցության ծրագրերով պետությունից առանձնապես խոշոր չափերով գումար վատնելու վերաբերյալ քրեական գործով՝ Սերժ Սարգսյանի, Բարսեղ Բեգլարյանի, Սամվել Գալստյանի և Գևորգ Հարությունյանի հետ միասին: Ընդ որում՝ Սերժ Սարգսյանի դեմ մեղադրանքը կառուցվել էր Սերգո Կարապետյանի ցուցմունքի հիման վրա. նա ասել էր, որ տենդերի որոշումը կայացվել է ՀՀ նախագահի հրահանգով։
Հիշեցնենք, որ Սերգո Կարապետյանը ծնվել է 1948 թվականի օգոստոսի 6-ին քաղաք Արտաշատում (Արարատի մարզ): Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը: 1965 -1972 թթ. աշխատել է «Արտաշատի պահածոների գործարանում»՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, 1972-1986 թթ.-ին եղել է Արտաշատի պահածոների «Սովխոզ» գործարանի գլխավոր ինժեները: 1986-1987 թթ. աշխատել է Ազատի լիասիստեմ ֆորելային տնտեսությունում՝ որպես տնօրեն: 1987-1995 թթ. եղել է Արտաշատի պահածոների «Սովխոզ» գործարանի գլխավոր տնօրենը, այնուհետև մինչև 2011 թ.-ը՝ «Արտաշատի պահածոների գործարան» ընկերության նախագահը և գլխավոր տնօրենը: 2010-2016 թթ.-ի ընթացքում զբաղեցրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը: