Գնացել, մարդկանց խոստացել, ֆինանսավորել ենք՝ գործը չի արվել․ վարաչպետն արվող աշխատաքներից դժգոհեց

Կառավարությունը փետրվարի 18-ի նիստին որոշում ընդունեց 470 մլն դրամ հատկացնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ գյուղում սահմանազատման հետևանքով իրենց բնակելի նշանակության գույքերի (իրենց հողամասերով և օժանդակ շինություններով) տնօրինման հնարավորությունից զրկված ընտանիքների բնակարանային խնդրի լուծման նպատակով: Այդ թվում, նախագծանախահաշվային փաստաթղթերի ներառյալ փորձաքննության կհատկացվի՝ 17 մլն դրամ, ճանապարհների շինարարության համար՝ 120 մլն դրամ, բնակելի տների շինարարության համար՝ 325 մլն դրամ, տեխնիկական հսկողության ծառայության համար՝ 5,8 մլն դրամ և հեղինակային հսկողության ծառայության համար՝ 2.4 մլն դրամ:

Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանը մանրամասներ է ներկայացրել Շուռնուխում կատարվող աշխատանքների ընթացքի մասին. «Դեռևս հունվարի կեսերին Ձեր հանձնարարականի համաձայն, պարոն վարչապետ, անմիջապես մեկնել ենք Սյունիքի մարզ, տեղում մարզպետի և Ձեր խորհրդականի ուղեկցությամբ այցելել ենք Շուռնուխ բնակավայր, հանդիպել գյուղապետին, ծանոթացել խնդիրներին և նոր կառուցվող բնակելի թաղամասի հողատարածքի ընտրությանը: Դրանից հետո Կադաստրի կոմիտեի գործընկերների աջակցությամբ կատարվել է տեղամասի հանույթ և մեր մասնագետներն սկսել են իրականացնել նոր թաղամասի հատակագծման աշխատանքները: Հունվարի 29-ին արդեն փոխվարչապետ պարոն Ավինյանի գլխավորությամբ Կապանում կայացել է Ձեր որոշմամբ ստեղծված Սյունիքի հարցերով զբաղվող միջգերատեսչական աշխատանքային խմբի ընդլայնված խորհրդակցություն, որտեղ որոշվել են մի շարք անհետաձգելի քայլեր, որոնք հետևողականորեն այսօր իրականացվում են: Ընթացիկ ամսվա սկզբից, սահմանված ժամկետում մեկնարկել են նշահարման և նոր թաղամասի ճանապարհային ցանցի հողային աշխատանքները: Առաջիկայում շատ արագ պետք է սկսվեն նաև 13 բնակելի տների տեղակապաման և շինարարական աշխատանքները: Յուրաքանչյուր բնակելի տան հետ միասին, զուգահեռ կիրակացվեն անասնագոմերի և ցանկապատերի կառուցման աշխատանքները: Աշխատանքները կազմակերպված են այնպիսի հաշվարկով, որ մինչև տարվերեջ ավարտենք բնակելի տների կառուցման և բնակեցման գործընթացը»:

Կոմիտեի նախագահը հայտնել է, որ ընդհանուր ծրագիրը նախատեսվում է ավարտել 3 տարվա ընթացքում. «Առաջին փուլում 2021թ.-ին նախատեսված է կառուցել 13 տուն և ճանապարհը՝ առանց ասֆալտապատման: Երկրորդ փուլով բոլոր ենթակառուցվածքները՝ 2022թ. ընթացքում: Եվ երրորդ փուլով մտածում ենք, որ կարող է նաև անհրաժեշտություն լինի, հասարակական և գյուղարտադրական նշանակության որոշ կառույցների և շենքերի շինարարության հարցեր առաջ քաշվեն: Դրանք կլինեն 2022-2023 թթ. ընթացքում: Առաջին երկու փուլերի գնահատականը, ընդհանուր առմամբ, նախնական հաշվարկներով կկազմի մոտ 700 մլն դրամ»:

Արմեն Ղուլարյանի խոսքով՝ տների կառուցման աշխատանքները նախատեսվում են ավարտել մինչև տարեվերջ՝ հնարավորինս, առավելագույնը ներգրավելով մարզի և տարածաշրջանի բոլոր շինարարական և վերահսկող կազմակերպություններին:

Սյունիքի մարզում առկա և հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար, վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը մանրամասներ է ներկայացրել կատարված և նախատեսվող աշխատանքների վերաբերյալ: «Վաղը տեղի կունենա միջգերատեսչական աշխատանքային խմբի արդեն երրորդ նիստը Սյունիքի մարզում: Ինչպես հանձնարարել էիք, պարոն վարչապետ, աշխատանքային խմբի նիստերն անցկացվում են Սյունիքի մարզում. յուրքանչյուր հերթական նիստ տեղի է ունենում Սյունիքի մարզի մեկ այլ բնակավայրում: Այս պահի դրությամբ, բնականաբար, բնակչության հիմնական հուզող հարցը դա անվտանգության միջավայրի ապահովումն է, որի հետ կապված Զինված ուժերի գլխավոր շտաբը, Պաշտպանության նախարարությունը և Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերն աշխատում են և իրենք առանձին զեկուցում են Ձեզ»,-նշել է Ռոբերտ Ղուկասյանը:

Աշխատանքնային խմբի ղեկավարը հայտնել է նաև, որ Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ քննարկվում են Սյունիքի մարզի բնակավայրերում քաղպաշտպանության հենակետերի տեղադրման հետ կապված խնդիրները: Ըստ Ռոբերտ Ղուկասյանի՝ առկա են նաև գյուղատնտեսության և անասնապահության հետ կապված մի շարք խնդիրներ:

Արձագանքելով՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ քննարկվող որոշումն էլ աշխատանքային խմբի գործունեության արդյունք կարելի է համարել. «Շատ կարևոր է, որ աշխատանքային խմբի գործունեության արդյունքում մենք անընդհատ ունենանք այպիսի կոնկրետ որոշումներ, որոնց իրագործումը տեսանելի, շոշափելի կլինի և մարդկանց կյանքում կփոխի շատ կոնկրետ իրավիճակ և, իհարկե, Սյունիքի մարզի մեր հայրենակիցները կզգան, որ կառավարությունը կանգնած է իրենց կողքին»:

Կառավարության ղեկավարը հետաքրքրվել է նաև Տավուշի մարզում իրականացվող ծրագրերի ընթացքից: Զեկուցվել է, որ Այգեպարում աշխատանքները գտնվում են ավարտման փուլում, առաջիկայում կավարտվեն նաև Չինարիիում կառուցվող տան շինաշխատանքները: Նշվել է նաև, որ որոշ խնդիրներ են առաջացել Ներքին Կարմիրաղբյուրի պուրակի կառուցման հետ կապված: Վարչապետը նշել է, որ պետք է գնալ, լուծել հարցը և զեկուցել, որ ամեն ինչ արված է. «Այսինքն՝ գումարը տրված է, տունը գնված է, պայմանավորվածությունները ձեռք բերված են, նախագիծը հաստատված է, շինարարը կա, գյուղացիներն ուզում են, որ պուրակը լինի, բայց գործն առաջ չի գնացել»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել