Կորոնավիրուսից մահացել է գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը

Կորոնավիրուսից մահացել է 2010-2016 թվականներին գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերգո Կարապետյանը։

Նշենք, որ Սերգո Կարապետյանը մեղադրյալ էր դիզելային վառելիքի ձեռքբերման նպատակով իրականացված պետական աջակցության ծրագրերով պետությունից առանձնապես խոշոր չափերով գումար վատնելու վերաբերյալ քրեական գործով՝ Սերժ Սարգսյանի, Բարսեղ Բեգլարյանի, Սամվել Գալստյանի և Գևորգ Հարությունյանի հետ միասին: Ընդ որում՝ Սերժ Սարգսյանի դեմ մեղադրանքը կառուցվել էր Սերգո Կարապետյանի ցուցմունքի հիման վրա. նա ասել էր, որ տենդերի որոշումը կայացվել է ՀՀ նախագահի հրահանգով։

Հիշեցնենք, որ Սերգո Կարապետյանը ծնվել է 1948 թվականի օգոստոսի 6-ին քաղաք Արտաշատում (Արարատի մարզ): Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը: 1965 -1972 թթ. աշխատել է «Արտաշատի պահածոների գործարանում»՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, 1972-1986 թթ.-ին եղել է Արտաշատի պահածոների «Սովխոզ» գործարանի գլխավոր ինժեները: 1986-1987 թթ. աշխատել է Ազատի լիասիստեմ ֆորելային տնտեսությունում՝ որպես տնօրեն: 1987-1995 թթ. եղել է Արտաշատի պահածոների «Սովխոզ» գործարանի գլխավոր տնօրենը, այնուհետև մինչև 2011 թ.-ը՝ «Արտաշատի պահածոների գործարան» ընկերության նախագահը և գլխավոր տնօրենը: 2010-2016 թթ.-ի ընթացքում զբաղեցրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել