Այսօր «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից կազմակերպվել էր «Կառուցապատման արդի հիմնախնդիրները և դրանց լուծման եղանակները» թեմայով հանդիպում-քննարկում:
Հանդիպմանը մասնակցում էին ասոցիացիայի խորհրդի անդամները, անդամ կառուցապատող ընկերությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները: Հրավիրյալների շրջանակում` ներկայացուցիչներ ՀՀ ֆինանսների նախարարությունից, ՀՀ կադաստրի կոմիտեյից, ՀՀ քաղաքաշինության կոմիտեյից:
Անդրադարձ եղավ երկու գերկարևոր հարցերին՝
1. «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի՝ գործող խմբագրությամբ հաշվարկների մեթոդաբանությամբ պայմանավորված՝ գործնականում առաջացող խնդիրներին,
2. «Կառուցապատման գործընթացում ներգրավված պետական կառավարման և/կամ տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթների և կատարվող գործողությունների ժամկետների հնարավոր օպտիմիզացում» խնդրին:
ՀԿ նախագահի կողմից ներկայացվեցին ասոցիացիայի անցնող տարվա հիմնական ձեռքբերումները, մասնավորապես այն, որ 2020 թվականի ընթացքում ասոցիացիայի նախաձեռնությամբ մեկնարկվեց, ՀՀ կառավարության ոլորտային պատասխանատու գերատեսչությունների կողմից մշակվեց, լրամշակվեց ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, ՀՀ ազգային ժողովի կողմից ընդունվեց, ՀՀ օրենսդրությամբ սահմաված կարգով հրապարակվեց և մտավ ուժի մեջ: Արդյունքում՝ վարչական ակտի (շինարարության թույլտվության) հասցեատեր չհանդիսացող անձի կողմից շինարարության թույլտվության վիճարկման հայցերով շինարարության թուլտվությունն օրենքի ուժով չի կասեցվում:
Ինչպես նաև ներկայացվեցին առաջիկա անելիքները, օրենսդիր ու գործադիր իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ ընթացիկ և հեռանկարային համագործակցության շրջանակում իրականացվելիք քայլերն ու նախագծերը:
Քննարկման ժամանակ երկուստեք կարևորվեց ասոցիացիայի և Ֆինանսների նախարարության, ինչպես նաև Քաղաքաշինության կոմիտեյի համատեղ կառուցողական, շարունակական համագործակցությունը՝ ի նպաստ ոլորտում առկա խնդիների և մարտահրավերների հաղթահարման։
***
«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հանդիսանում է կառուցապատողներին միավորող, քաղաքաշինական ոլորտային խնդիրները բարձրաձայնող և դրանց լուծմանն աջակցող՝ ՀՀ խոշորագույն կառուցապատողների կամավոր անդամության հիման վրա ստեղծված կազմակերպություն: