Կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը 251 հարց է ուղարկել կառավարությանը՝ կորոնավիրուսից մահացած անձանց դիահերձման, թեստավորումների, մեկուսացման վայրերի և շատ այլ հարցերի առնչությամբ:
Այս մասին ԱԺ ճեպազրույցում ասաց հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավոր Արկադի Խաչատրյանը:
Հունվարի 25-ին տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը, որի ընթացքում պատգամավորներին առաջարկվել էր ներկայացնել առաջարկություններ՝ հարցերի վերաբերյալ, որոնք պետք է ուղղվեն կառավարությանը: «Երեկ քննիչ հանձնաժողովի կողմից կառավարությանն ուղղվել է 251 հարցից բաղկացած հարցաշար: Հարցաշարը վերաբերում է ամենատարբեր բնագավառներին, հարցումներ են ուղարկվել նաև Հաշվեքննիչ պալատ, Կենտրոնական բանկ, ՊԵԿ, Կենտրոնական բանկ, ՀՀ գլխավոր դատախազություն, ՄԻՊ-ին»,-ասաց Խաչատրյանը:
Կառավարությանն ուղղված 251 հարցերը վերաբերվում են համավարակի դեմ պայքարի ամենատարբեր փուլերին՝ սկսած դիահերձումից, թեստավորումներից, մինչև մարդկանց մեկուսացման, ինքնամեկուսացման, դրանց նկատմամբ հսկողության, հիվանդության տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների արդյունավետությունը: Հանձնաժողովի նախագահը ներկայացրեց հարցերից մի քանիսը. «Ինչո՞ւ չեն իրականացվում դիահերձումներ, եթե դիահերձում չէր արվում, ինչպե՞ս էր որոշվում, որ մարդը մահացել է կորոնավիրուսից: Կամ արդյոք հասանելի՞ և մատչելի՞ էր քաղաքացիների համար թեստավորման արժեքը, այդ թեստավորման արժեքը չպե՞տք է լիներ պետական կարգավորման ենթակա: Ինչո՞ւ մարդը չէր կարողանում ստանալ բուժում պետպատվերի շրջանակում և շատ դեպքերում դառնում էր նաև վարակի տարածման աղբյուր, երբ ուներ կորոնավիրուսի բոլոր ախտանիշները, սակայն թեստի պատասխանը բացասական էր»:
Կառավարությանն ուղղված հարցերով պատգամավորները հետաքրքրվել են նաև, թե ինչպես են որոշվել մեկուսացման վայրերը, մեկ աղբյուրո՞վ են գնումները կատարվել, թե՞ մրցութային:
Փետրվարի 16-ին տեղի կունենա քննիչ հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում կներկայացվի հարցաշարերի մասին ընդհանուր տեղեկատվություն և կորոշվեն պետական պաշտոնյաներին և այլ անձանց հանձնաժողով հրավիրելու սկզբունքները և մոտեցումները: