Տեքստ է հրապարակվել և հնարավոր է այդ տեքստը իրական լինի և ստորագրված իշխանության որևէ ներկայացուցչի կողմից։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
Նա նշեց, որ իշխանությունները պետք է բացատրություն տան։
Էդմոն Մարուքյանն էլ նշեց, որ փաստաթղթի մի շարք կետեր, դե ֆակտո, իրագործված են․ «Մենք հիմնավոր կասկած ունենք դա կամ բանավոր պայմանավորվածությամբ իրականացվածի տեքստն է, միգուցե չստորագրված, կամ ստորագրված։ 3 օր է այդ նյութը տարածվում է, բա՞րդ է իշխանության համար հերքել, եթե նման բան չկա։ Անգամ պետք է քննություն իրականցվի, թե ինչպես է այդ փաստաթուղթը ընկել մեդիադաշտ, այստեղ ազգային անվտանգության խնդիր էլ կա»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նշենք, որ վերջին օրերին ԶԼՄ-ների և սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից տեղեկություն տարածվեց, որ ներկայիս իշխանությունները Հայաստանի անունից ստորագրել են մեկ այլ փաստաթուղթ Արցախի տարածքների հանձնման մասին (Խորհրդային Ադրբեջանի Զանգելանի և Կուբաթլիի շրջաններ):
Նշվում է, որ այս «փաստաթուղթը» ուժի մեջ է մտել դեկտեմբերի 18-ին, կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի կողմից Խծաբերդի շրջանում ժամկետից 5 օր առաջ տարածքների ու ռազմագերիների բռնագրավումը կապված էր հենց թիկունքի մաքրման հետ:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ հայտարարություններից և ներկայացված փաստաթղթերից բացի, Գորիս-Դավիթ Բեկ հատվածի վերաբերյալ կա ևս մեկ պայմանավորվածություն, քանի որ այնտեղ ճանապարհն անցնում էր վիճելի հատվածներով: Փաստաթուղթը գաղտնի է։ Իշխանական պատգամավորը նշեցին, որ փաստաթուղթը իրական չէ։
Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։
Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։
Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։