ՇՄ նախարարը հայտնել է, որ քաղաքական թիմը՝ ի դեմս երկրի վարչապետի, տնտեսական կայունության հասնելու բարձր վճռականություն ունի

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը «Սևան» ազգային պարկում ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել։ Խորհրդակցությանը մասնակցել է ազգային պարկի կենտրոնական ապարատի ամբողջ աշխատակազմը՝ ենթակա ստորաբաժանումներով ու հատուկ պահնորդական ջոկատի ներկայացուցիչներով։

Այս մասին տեղեկանում ենք Շրջակա միջավայրի նախարարությունից:

Ողջունելով ներկաներին, նախարարը կրկին վերահաստատել է, որ երկրի գործադիր իշխանությունը, տվյալ դեպքում՝ Շրջակա միջավայրի նախարարությունը, հաստատակամ է լուծելու ոլորտում իր առաջ ծառացած բոլոր խնդիրները, հաղթահարել մարտահրավերները և վերջնարդյունքում ունենալ մեր սահմանած ճանապարհային քարտեզին ու տեսլականին համապատասխան պետական ինստիտուտներ։

Նախարարը տեղեկացրել է, որ քաղաքական թիմը՝ ի դեմս երկրի վարչապետի, տնտեսական կայունության հասնելու բարձր վճռականություն ունի և արդեն իսկ մշակվել է սոցիալական ու տնտեսական ճգնաժամին հակազդելու համալիր ծրագիր, ու շուտով նրանք կիրառության մեջ կտեսնեն տնտեսական գործունեությունը խթանող մի շարք գործիքակազմեր։ Դրանք կօգնեն մեղմելու սոցիալական վիճակը և լրջագույն ներդրումներ ներգրավել։ Բայց նախևառաջ հարկավոր է, որ յուրաքանչյուր ոք գիտակցի, որ ինքն այդ բարեփոխումների իրականացումը ստանձնած թիմի մի մասն է, քայլում է նույն ճանապարհով ու կիսում երկիրը դժվար վիճակից դուրս բերելու մեր անկոտրում վճռականությունը։

Հակաճգնաժամային միջոցառումների իրականացմանը զուգահեռ՝ նախարարը կարևորել է նաև «Սևան» ազգային պարկում մինչև պատերազմը մեկնարկած բարեփոխումների գործընթացները և ընթացիկ ծրագրերի շարունակականության անխափան ապահովումը։
Շաբաթներ առաջ Շրջակա միջավայրի նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանձնարարել էր նոր թափով մեկնարկել Սևանա լճի՝ մինչ այժմ գույքագրված խնդիրերի լուծմանն ուղղված գործընթացները։

Նախարարն ավելի լայն կազմին կրկին ներկայացրել է ճանապարհային քարտեզը և գործողությունների առաջնահերթություններն այդ համատեքստում։
Պետք է՝

Վերլուծել արդյունքները և, եթե կարիք կա, վերանայել ու փոփոխությունների ենթարկել Սևանա լճում արդյունագործական ձկնորսության, դրա կազմակերպման, լիցենզավորման և վերահսկողության կարգը։ Այստեղ խիստ կարիք կա վերահսկողական գործառույթի ուժեղացման և հատվող շահերը փոխզսպող գործիքակզմի կիրառության։

Աշխատանքներ տանել ապօրինի շենք-շինությունների ապամոնտաժման, շինաղբի տեղափոխման, ինչպես նաև ջրածածկ տարածքների մաքրման ուղղությամբ։

Առավելագույնս հավաքել ապառքերը և կարգավորել լճի ափամերձ տարածքների վարձակալման իրավունքների տրամադրման կարգը։ Որևէ վարձակալի հետ չի կնքվելու նոր պայմանագիր, եթե նա չներկայացնի մեր սահմանած չափանիշներին համապատասխան ներդրումային ծրագիր, չտեղադրի մաքրող կայան և չստեղծի աշխատատեղեր։

«Մեր ործունեության արդյունավետությունը շեշտակի բարձրացնելու կարիք կա։Խնդիր ունենք «Սևան» ազգային պարկը» ինստիտուցիոնալ առումով կայացնելու, Սևանա լճի ավազանի պետական հսկման տարածքներում կարգուկանոն հաստատելու և մասնագիտական, վարչաիրավական հարթության մեջ արժեքների վերաիմաստավորման։ Ահռելի անելիք ունեն բոլորը՝ սկսած գրասենյակային աշխատողներից մինչև պահնորդական հատուկ ջոկատի անդամներ։Բոլորի գործունեության հիմքում պետք է լինի պետության ու դրա քաղաքացու շահի սպասարկումը»,- իր խոսքը եզրափակել է նախարարը։

Ապա «Սևան» ազգային պարկի» աշխատակիցների հետ հարցուպատասխանի միջոցով քննարկել են նրանց հուզող հարցերը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել