ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով գտնվում է Արցախում: Նրան ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի տարածած մամուլի հաղորդագրությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հետպատերազմյան շրջանում Արցախի Հանրապետությունում քաղաքացիների կյանքի, տեղաշարժի և կենսական այլ իրավունքների պաշտպանությանն ուղղված պետական ինստիտուտների գործունեության կազմակերպմանը, իրավակարգի և օրինականության ապահովման՝  իրավապահ մարմինների գործառույթների իրականացման բնականոնության ապահովմանը, ՊԲ զինծառայողների ծառայողական պարտականություններին և իրավունքներին առնչվող հարցեր:

Քննարկվել է նաև ռազմական գործողությունների հետևանքով զոհված հայ զինծառայողների մարմինների, անհայտ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց որոնողական աշխատանքների, Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող հայ ռազմագերիների և մնացած անձանց վերադարձման ուղղությամբ կատարվող գործընթացներում ՀՀ և ԱՀ իրավապահ մարմինների գործառույթները համակարգված իրականացնելու խնդիրները: 

Արթուր Դավթյանը նշել է, որ ՀՀ դատախազությունը բոլոր հնարավոր միջոցներով շարունակում է աջակցել Արցախի դատախազությանը՝ ներկայիս բարդ իրավիճակում հանցավորության դեմ պայքարում, քրեական վարույթների շրջանակներում իր դատավարական գործառույթների իրականացմանը, ինչպես նաև ԱՀ-ում քրեական արդարադատության և իրավապահ համակարգում նախատեսվող վերափոխումներին:   

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել