ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի 8-12-րդ դասարանների չափորոշչի նախագիծը: Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
«Չափորոշչում կատարված որակական փոփոխությունները պայմանավորված են ինչպես ռազմագիտության ոլորտում տեղի ունեցած զարգացումներով, համաշխարհային և տարածաշրջանային իրավիճակով, այնպես էլ ուսումնական գործընթացի առավել արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությամբ՝ անհատականից դեպի խմբային (ջոկային) պատրաստվածություն։ ՆԶՊ առարկայի ուսուցումը հավասարապես նախատեսված է թե՛ տղաների, թե՛ աղջիկների համար:
Ժամանակակից պատերազմները մեծ նշանակություն են տալիս գերճշգրիտ միջոցներին, մարտական ռոբոտներին, կապի և տեղեկատվության ժամանակակից համակարգերին, ինֆորմացիոն-հոգեբանական միջոցառումներին։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետությունում Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո ծրագիրը վերանայվել է, ավելացել են «Մոբիլ ջոկատների մասին» և «Աշխարհազորի և կամավորական ջոկատների նշանակությունը և դրանց համագործակցությունը կանոնավոր բանակի հետ» թեմաները։ «Պայքարը հակառակորդի ցածր թռչող ինքնաթիռների դեմ» թեման համալրվել է «Հակառակորդի անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարը և դրանցից պաշտպանվելը» ենթաթեմայով:
Ծրագրում ներմուծվել են նոր բաժիններ.
- Մարտավարաֆիզիկական պատրաստություն՝ 8-11-րդ դասարաններ (նպաստում է շարժողական ընդունակությունների, ֆիզիոլոգիական որակների ձևավորմանը, մարմնի հավասարակշռության ապահովմանը)
- Իրավական պատրաստություն՝ 8-12-րդ դասարաններ (ապահովում է սովորողների ՀՀ ԶՈՒ կանոնադրային հիմունքների և միջազգային մարդասիրական իրավունքների իմացությունը)
- Ինժեներական պատրաստություն՝ 9-11-րդ դասարաններ (ապահովում է անհատական պաշտպանական կառույցների, պատերազմից հետո մնացած և չպայթած զինմթերքի հետ վարվելու կանոնների իմացությունը)
- Լեռնային հատուկ պատրաստության հիմունքներ՝ 10-րդ և 11-րդ դասարաններ (ապահովում է լեռնային ռելիեֆի, լեռնային վտանգների և դրանք հաղթահարելու եղանակների իմացությունը)
- Կապ և տեղեկատվական անվտանգություն՝ 11-րդ և 12-րդ դասարաններ (ապահովում է ժամանակակից մարտական գործողությունների ընթացքում կապի և հեռահաղորդակցության ձևերի, միջոցների իմացությունը, պատկերացում է տալիս ՀՀ ԶՈՒ-ում տեղեկատվական անվտանգության հիմնախնդրի, ռազմական ոլորտի պետական և ծառայողական գաղտնիքի մասին)
- Հոգեբանական պատրաստություն՝ 8-12-րդ դասարաններ (ապահովում է հասարակական գիտակցություն, արժեքներ, վարքականոն, զինվորական կոլեկտիվում միջանձնային կոնֆլիկտների պատճառների և դրանից եկող վտանգների մասին իմացությունը և դրանց հաղթահարման ուղիները, արտակարգ իրավիճակներում զգուշության, զգոնության, ուշադրության ձևավորումը և տագնապի հաղթահարումը):
ՆԶՊ առարկան զարգացնում է երիտասարդների որոշակի կարողություններ ու ձևավորում հմտություններ` հստակ գործելու այնպիսի ծայրահեղ իրավիճակներում, ինչպիսիք են՝ մարտական գործողությունները կամ արտակարգ այլ իրավիճակներ: Նման պատրաստությունը, նախնական փորձի շնորհիվ ձեռք բերած գիտելիքները հնարավորություն են տալիս սովորողներին հոգեբանորեն պատրաստ լինել արտակարգ իրավիճակներին, բարդ իրադրությունում ոչ միայն պահպանել սեփական կյանքն ու առողջությունը, այլև արագ ու արդյունավետ իրականացնել մարտական կամ այլ առաջադրանքներ։ ՆԶՊ առարկայի ուսուցումը ուղղված է նաև հատուկ վարժանքներով սովորողների բարոյահոգեբանական հատկանիշների ձևավորմանն ու ուժեղացմանը (հայրենասիրություն, կարգապահություն, պատասխանատվություն, ինքնավստահություն, կոլեկտիվիզմ), որոշակի ունակությունների զարգացմանը և նոր կարողությունների առաջացմանը (ֆիզիկական ունակություններ, ֆիզիոլոգիական հատկանիշներ, հիշողության, ուշադրության կենտրոնացում ու փոխատեղում, վերլուծական մտածողություն):
Ցածր դասարաններում ավելի շատ ուշադրություն է դարձվում անհատական պատրաստությանը, իսկ բարձր դասարաններում՝ խմբային (ջոկային) պատրաստվածությանը: Կարևորվում է ջոկի անդամների փոխգործողությունը:
Դաշտային (ճամբարային) պարապմունքներ: Այս պարապմունքները հնարավորություն են տալիս իրականին մոտ պայմաններում մատուցել նյութը, ցուցադրել պահանջվող գործողությունները, իսկ սովորողներին` գործնական վարժանքներով յուրացնել թեման: Բացի երկարաժամկետ ճամբարային փորձաշրջանից, նպատակահարմար է կազմակերպել դաշտային պարապմունքներ շաբաթ կամ կիրակի օրերին՝ աշակերտների և ծնողների համաձայնությամբ, դպրոցի ղեկավարության գիտությամբ: Ճամբարային պայմանները առավել մեծ հնարավորություններ են ստեղծում պարապմունքներն անցկացնել ինչպես ցերեկային, այնպես էլ երեկոյան ժամերին, ուսուցանել առանձին թեմաներ («Կողմնորոշում աստղերով», «Տեղաշարժ մթության մեջ», «Պահակային ծառայության անցկացում», «Քողարկված կրակատեղի պատրաստում» և այլն): Ճամբարային պատրաստության և ռազմամարզական խաղերի ընթացքում կարող են լուծվել հետևյալ խնդիրները՝ բնական միջավայրում տեսական գիտելիքների փորձնական ստուգում և ամրապնդում, հմտությունների և կարողությունների զարգացում անհատական և խմբային վարժանքներով, իրավիճակների մոդելավորում և իրական պայմաններում սովորողների խմբային համագործակցության զարգացում, հոգեբանական կայունության ապահովում, սեփական ունակությունները ճանաչելու և ինքնադրսևորվելու հնարավորություն։
«Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 11-րդ դասարանի աշակերտների ռազմամարզական ճամբարի կարգն» արդեն ներկայացվել է հանրային քննարկման: Ճամբարի ծրագիրը համարվում է ՆԶՊ առարկայի 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարանների առարկայական ծրագրի գործնական և կիրառական մասը:
Շեֆ-զորամաս այցելությունը: Սա հնարավորություն է տալիս սովորողներին անմիջականորեն ծանոթանալ բանակային առօրյային, մարտական տեխնիկային, սպառազինության տեսակներին և անձնակազմի մարտական պարապմունքներին:
Արտադասարանական խմբակների կազմակերպումը։ Շատ արդյունավետ է դպրոցներում արտադասարանական «Պատանի հետախույզ», «Պատանի լեռնագնաց» և այլ խմբակների ձևավորումը, որոնք հնարավորություն են տալիս ապահովել ինտենսիվ ուսուցում և կարգապահություն։
Ներառական կրթությունը «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի շրջանակում կազմակերպվում է՝ ելնելով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների շահերից, ֆիզիկական և մտավոր ընդունակություններից ու կարողություններից:
Նախագծում կարևորվել է նաև միջառարկայական կապերի զարգացումը, ուսուցողական նյութերի պարզեցումը, արդիական ու կարևոր թեմաներ ներմուծելն ու ոչ պրոֆիլայիններից ձերբազատվելը, ինչպես նաև ավելի արդյունավետ մեթոդական մոտեցումների, տեղեկատվական նոր տեխնոլոգիաների կիրառումը»,- ասված է հայտարարության մեջ։