«Մանկապարտեզ չընդունված, օդում կախված երեխաների թիվը շատանում է»․ ծնողները բողոքի ակցիա են իրականցնում, երեխաներին մանկապարտեզ չեն ընդունում

Այսօր՝ փետրվարի 8-ին, մի խումբ քաղաքացիներ Երևանի քաղաքապետարանի դիմաց ակցիա էին իրականացնում, մանկապարտեզներում ոչ պատշաճ ընդունելություն կազմակերպելու խնդրով:

«Հստակ ոչ մի բան ասված չէ, թե երբ է լինելու ընդունելությունը, այսինքն մեկ տարի կառանտինում սպասելով՝ ծնողները համբերել են, հիմա կարանտինը նորից երկարացվում է ու պարտեզների ընդունելույան համար ոչ մի բան չի ասվել»,-ասաց ծնողներից մեկը՝ Լուսինե Սարգսյանը:

Նրա խոսքով՝ 2019 թվականի սեպտեմբերից իր երեխան հերթագրվել է մանկապարտեզ ընդունվելու համար և մինչև հիմա սպասում են․ նաև հավելեց, որ այս պահի դրությամբ մոտ 12 հազար և ավել երեխա հերթագրված է:

«Զանգահարում ենք մանկապարտեզների տնօրեններին ասում են՝ անհասկանալի ժամկետով հետաձգված է, մեկն ասում է՝ սեպտեմբերից կլինի, մյուսն ասում է՝ գարնանը կլինի, մեզ նույնիսկ ասել են փետրվարի մեկից կլինի ընդունելություն»,- հայտնեց Լուսինե Սարգսյանը:

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քաղաքապետարանը քայլեր է ձեռնարկում մանկապարտեզներում հավելյալ տեղեր ավելացնելու, հավելյալ խմբեր ավելացնելու հետ կապված:

«Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները և համակարգող փոխքաղաքապետը նախաձեռնել են քննարկումներ համապատասխան գերատեսչությունների հետ, այս հարցին լուծում տալու համար՝ հասկանալով լարվածությունը, այն առումով, որ շատ աշխատող ծնողներ և ոչ միայն, երեխաներին մանկապարտեզ տանելու խնդիր ունեն: Հիմա շատ ակտիվ քննարկվում է մանկապարտեզների խոշորացման հարցը և մենք լուծմանը շատ մոտ ենք, կարծում եմ առաջիկա օրերին ինչ-որ լուծում կլինի և մենք դրա մասին կհայտարարենք»,-ասաց Հակոբ Կարապետյանը:

Բողոքող ծնողների ներկայացուցիչ Լուսինե Սարգսյանին չգոհացրեց խոսնակի պատասխանը:

«Վարչապետն ասում է՝ գենոֆոնդը հարստացրեք, շատ երեխաներ ունեցեք, բայց ստացվում է այնպես, որ տարեց տարի մանկապարտեզներ չունդունված, օդում կախված երեխաների թիվը շատանում է: Այստեղ գլխավոր խնդիրն այն է, որ շատ ծնողներ հնարավորություն չունեն իրենց երեխաներին տանեն մասնավոր մանկապարտեզ»,-ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել