Սարգիս Ղազարյանը ևս չհասցրեց Հիպոկրատի երդում տալ, նա երդվել էր հայրենիքին. ԵՊԲՀ

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բծշկական համալսարանից հայտնում են.

«Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական պատերազմն անավարտ թողեց մի քանի տասնյակ ապագա բժիշկների երազանքներն ու նպատակները: ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Սարգիս Ղազարյանը ևս չհասցրեց Հիպոկրատի երդում տալ, խաղաղ օրերին բազմաթիվ մարդկանց կյանքներ փրկել…

Սարգսի Ղազարյանը ծնվել է 2001թ.-ի դեկտեմբերի 3-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում: Ընտանիքի միակ որդին էր: Սիրած աղջիկ ուներ, ում նպատակները ևս անկատար մնացին։

Ընկերները նրան հիշում են, որպես յուրահատուկ անհատականություն՝ բարի սրտով, հումորի բարձր զգացմամբ, ով միշտ պատրաստ է եղել օգնել, աջակցել բոլորին:

«Բժշկականում ամեն ինչ Սագոյին է հիշեցնում… Երազում էր լավ բժիշկ դառնալ: Մեկ կիսամյակ սովորեցինք, հետո զորակոչվեց բանակ՝ հայրենիքի հանդեպ իր պարտքը կատարելու, բայց, ավաղ, հայրենիքը նրան պարտք մնաց: Կյանքումս հանդիպած ամենահայրենասեր ու ամենաբարի մարդն էր, երբեք չէր չարախոսում»,-պատմում է համակուրսեցին՝ Հայկ Խաչատրյանը:

Սարգիսը սկզբում ծառայել է Հոկտեմբերյանի զորամասում, այնուհետև, որպես կրտսեր սերժանտ, դիրքի ավագ, տեղափոխվել է Մատաղիս, պատերազմի ժամանակ համառ մարտեր է մղել, փրկել բազմաթիվ զինակիցների կյանքեր:

«Երբ հակառակորդի զորքը հարձակվել է իրենց դիրքի վրա, Սարգիսն ու իր զինակից ընկերները մնացել են դիրքում, մյուսներին ուղարկել թիկունքը պահելու, այդ ժամանակ էլ հրետանու հարվածից զոհվել են՝ փրկելով ավելի քան 50 զինվորի կյանք: Նրա մարտական ընկերները պատմում են, որ այնքան է կրակել՝ զենքի տաքությունից ձեռքերը վառվել են, բայց անկախ դրանից, երբ հարցրել են՝ ո՞նց ես, միշտ պատասխանել է՝ արջի պես: Ցավոք, մեր ընկերոջը կորցրինք անհավասար կռվում»,-ասում է Հայկը:

Սարգիսի հայրը Արցախյան առաջին պատերազմի մասնակից է՝ հոգեպես շատ ամուր, ուժեղ մարդ։ «Նրա դաստիարակության արդյունքն է, որ Սարգիսը չնահանջեց, չխուսափեց՝ մինչև վերջին շունչը պաշտպանելով հայրենիքը: Մեր ընկերների կորստով Աստված մեզ պատժեց, որովհետև մեր՝ թե՛ իմ, թե՛ մյուսների, թե՛ հասարակության վերաբերմունքը նրանց նկատմամբ շատ տեղերում սխալ է եղել։ Աստված մեզ պատժեց, որպեսզի հասկանանք, թե ինչպես պետք է վերաբերվենք շրջապատի մարդկանց, պետք է կարողանանք գնահատել բոլորին ոչ թե մահից հետո, այլև միշտ»,-շեշտում է համակուրսեցին։

Սարգիս Ղազարյանի մարմինը գտել են զոհվելուց շաբաթներ անց: Ձեռքում եղել է քարտեզ, ծոցագրպանում՝ զինվորական գրքույկ ու հեռախոս:

«Մինչև վերջին պահը հույս ունեինք, որ սխալմունք է եղել, որ նա ողջ ու առողջ կգտնվի… Պատերազմից հետո Կարմիր խաչի օգնությամբ գտել են մարմինը, փաստաթղթից ու հեռախոսից են հասկացել, որ ինքն է: Սագոս անմահացավ. գիտակցված մինչև վերջ մնաց դիրքում, դարձավ մեր հերոսը…», – ցավով նշում է Հայկը՝ հավելելով, որ պատերազմում շատ ընկերներ է կորցրել, այս տարիքում այդքան կորստի ցավ ու ծանրություն է զգացել։

Սարգիսը հուղարկավորվել է նոյեմբերի 19-ին՝ Ճամբարակի գերեզմանատանը։

Հավերժ փառք և խոնարհում բոլոր զոհված տղաներին…»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել