«Արցախի պետական մարմինները ներկայումս զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ կազմավորելու հարցով». Վիտալի Բալասանյան

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Խոսակցություններ են պտտվում այն մասին, թե իբր Ստեփանակերտ քաղաքի Վերածծնդի հրապարակում` պետական շենքերին տեղադրվելու է ադրբեջանական դրոշ, հարկ եմ համարում կատեգորիկ հերքել այդ լուրերը: Որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում լուրեր են պտտվում, թե Արցախի պաշտպանության բանակը կազմալուծվելու է և ըստ այդ լուրերի տրամաբանության Արցախի սահմանների պաշտպանության կազմակերպում չի լինելու: Այս կապակցությամբ ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել, որ Արցախի պետական մարմինները ներկայումս զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ կազմավորելու հարցով` հենց մեր սահմանների պաշտպանության նպատակով:

Հասարակության որոշ շրջանակներում մտավախություն կա, թե օրինակ Ստեփանակերտի Կրկժան, Աջափնյակ թաղամասերը կամ Ասկերանի շրջանի Իվանյան գյուղը առաջիկայում կբնակեցվի ադրբեջանական ընտանիքներով: Խոսակցություններ են շրջանառվում նաև այն մասին, թե մասնավորապես Ստեփանակերտի առեւտրային կետերում ադրբեջանցիները կատարում են գնումներ: Հավաստիացնում եմ, որ նման խոսակցությունները զուրկ են որեւէ հիմքից»,- իր հայտարարության մեջ նշել է Վիտալի Բալասանյանը և հավելել.

«Սիրելի΄ արցախցիներ, Արցախի իշխանությունների անունից հավաստիացնում եմ ձեզ, որ չնայած պատերազմական գործողությունների հետեւանքով մեզ հասցված անդառնալի կորուստների պետությունը մշտապես հանձնառու է կատարելու բնակչության անվտանգության և բնականոն կենսագործունեության ապահովման իր պարտականությունները, ըստ այդմ կոչ եմ անում տուրք չտալ կեղծ լուրերին եւ հավատացած լինել, որ արվել ևարվում է ամեն ինչ արցախցու արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու եւ ընդլայնելու ուղղությամբ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել