Կառավարության նոր որոշումը՝ անհայտ կորած զինծառայողին կամ այլ քաղաքացուն դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ

Կառավարությունը դեկտեմբերի 17-ի նիստին որոշում ընդունեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, որի արդյունքում ռազմական գործողությունների ժամանակ (կամ հետևանքով) անհայտ կորած զինծառայողների և այլ քաղաքացիների ընտանիքների անդամների համար օրենսդրությամբ սահմանված սոցիալական երաշխիքների կիրառման գործընթացը կիրականցվի առավել սեղմ ժամկետներում:

Որոշման համաձայն նախատեսվում է ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողին կամ այլ քաղաքացուն դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու հնարավորություն ընձեռել զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին 3 ամսվա ընթացքում տեղեկություններ չլինելու դեպքում, ինչպես նաև նույն պայմաններում անհայտ կորածին դատարանի կողմից մահացած ճանաչելու ժամկետը երկու տարվա փոխարեն սահմանել մեկ տարի՝ ռազմական գործողությունների ավարտից հետո, ինչպես նաև նախատեսվում է, որ օրենքի գործողությանը տրվում է հետադարձ ուժ՝ 2020թ. սեպտեմբերի 27-ից:  

Նշվում է, որ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողներին և այլ քաղաքացիներին (ներառյալ՝ ՀՀ պաշտպանությանը մասնակցող կամավորականների) դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու ժամկետները հստակեցնելու անհրաժեշտությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 44-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն՝ շահագրգիռ անձանց դիմումով դատարանը կարող է քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչել, եթե մեկ տարվա ընթացքում նրա բնակության վայրում տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մասին, իսկ օրենսգրքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն՝ ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանով մահացած ճանաչվել ոչ շուտ, քան ռազմական գործողությունների ավարտից երկու տարի հետո:

2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների կապակցությամբ առկա են անհայտ կորած զինծառայողներ և այլ քաղաքացիներ (ներառյալ՝ ՀՀ պաշտպանությանը մասնակցող կամավորականներ), որոնց գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկությունների ճշտումն անհնարին է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից վարվող քաղաքականության, միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների, անհայտ կորածների հարցերով զբաղվող միջազգային կառույցների հետ համագործակցության բացակայության պատճառով: Այս առումով օրենսգրքով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու գործող ժամկետները որոշակիորեն խոչընդոտ են հանդիսանում ռազմական գործողությունների կապակցությամբ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և այլ քաղաքացիների (ներառյալ՝ ՀՀ պաշտպանությանը մասնակցող կամավորականների) իրավական կարգավիճակի հստակեցման և նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքների կիրառման գործընթացի համար:

Մասնավորապես, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 72-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի պահանջների համաձայն՝ սույն օրենքի այն դրույթները, որոնք վերաբերում են զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին, տարածվում են նաև ծառայողական պարտականությունները կատարելիս կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ անհայտ կորելու հետեւանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքների վրա: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատչառված վնասների հատուցման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի պահանջների համաձայն՝ հատուցման դեպք է համարվում 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում զինծառայողի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելը: Հատուցման դեպքը համարվում է տեղի ունեցած, եթե` զինծառայողը մարտական գործողությունների ժամանակ անհայտ կորելու հետևանքով օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող, և դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից անցել է վեց ամիս, եթե մինչև հատուցման գումար վճարելու սկիզբը զինծառայողը չի հայտնաբերվել: Նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ զինծառայող է համարվում նաև զինվորական ծառայության մեջ չգտնվող ու մարտական գործողություններին մասնակցելու նպատակով կամավորագրված և մարտական գործողություններին մասնակցող կամ մասնակցած անձը:

Հավելենք, որ օրենքի նախագիծը մշակվել է Պաշտպանության նախարարության կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել