Գյուղացիները փակել են Շիրակի մարզի Քեթի գյուղ տանող ճանապարհը։ Նրանք հայտարարում են, որ ադրբեջանական կողմի տարածած տեսանյութերի մեջ տեսել են իրենց հարազատներին՝ գերության մեջ։ Ցուցարարներն իշխանություններից պարզաբանում են պահանջում։
«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը քիչ առաջ տեղադրել էր ճանապարհի փակ լինելու մասին տեղեկությունը ու գրել, որ քաղաքացիները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։
«Ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։ Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը, դրա հաստատվելու դեպքում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար։ Պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի որոնողական աշխատանքների ընթացքի վերաբերյալ»,- նշված էր ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։