«Կամ մահ, կամ ազատություն»․ Թաթուլը՝ հատուկջոկատային, սիրելի որդի, ամուսին ու Մոնթեի հայր
Մանկապարտեզում էլ միշտ զինվորական երգերի, միջոցառումների մեջ էր։ Փոքր ժամանակվանից իր մեջ մտած էր հայրենասիրությունը։ Դրանով էր ինքն ապրում։ Ուզում էր գնալ Մոնթե Մելքոնյան ռազմական վարժարան, հետո՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան:
Արցախյան պատերազմում զոհված Թաթուլ Հակոբյանի մայրը՝ Գայանե Բարբարյանն է պատմում որդու ռազմական ուղին: «Խորհուրդ չտվեցին այդ ժամանակ Մոնթե Մելքոնյան գնար, ասացի՝ չես գնա, Թաթուլ, ոնց էր հուզվել: Ասում էր՝ ինչի՞ եք դուք իմ փոխարեն իմ ճակատագիրը որոշում, լացեց, ասաց ես ուզում եմ գնամ»,-ասաց տիկին Գայանեն:
Հետո մարզում օլիմպիադիայի է մասնակցել, մարզպետն ասել է, որ կօգնեն, կգնա Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան կընդունվի: Թաթուլն աշխարհով մեկ էր եղել: «Ասում էի՝ չէ Թաթուլ, ես զգում էի, մեջիցս ինչ-որ բան պահում էր, զգում էի: Ինքն ըմբոստացավ, վիրավորվեց, թե մեծ մարդ եմ, իմ փոխարեն որոշում եք, բայց մայրական սիրտը երբեք չի խաբի»,-ասաց զինվորի մայրը:
Պարտադիր զինծառայությունից հետո Թաթուլը որոշում է միանալ հատուկ ջոկատայինների խմբին:
«Ասում էր, մամ, որ մահանամ, ինձ երգով-պարով կթաղեք»…
Թաթուլը մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին, 2020 թվականին՝ տավուշյան կռիվներին, վերջին կռիվ էլ արցախյան պատերզամն էր:
Նա հասցրել է սիրել, սիրվել, ունենալ որդուն՝ Մոնթեին: «Միշտ հիշի՝ եթե ոտքերս, ձեռքերս էլ չլինեն, ես պայթած էլ լինեմ, մեկ է, ես լավ եմ»,- պատմում է Թաթուլի կինը՝ Անահիտ Ալեքսանյանը: Նրա խոսքով, դեռ պետք է ունենային Սոսեին, Սյունեին, Նժդեհին… իրական հերոսների տուն պետք է ունենային:
«Սիրահարվել էր, ավագ դպրոցում դասարանը փոխեց, որ մի դասարանում սովորենք: Մեր նշանադրությունից հետո Արագածի գլխին ամուսնության առաջարակություն արեց»,-պատմում է Անահիտը:
Թաթուլի եղբայրը՝ Գոռ Հակոբյանը նշում է, որ Թաթուլը նաև Սիրիայում է խաղաղապահ առաքելություն իրականացրել, պարգևատրումներ է ստացել Ռուսաստանի Դաշնությունից, Արաբական Միացյալ Էմիրություններից:
Մանրամասները՝ տեսանյութում