Հին Թաղլար և Խծաբերդ գյուղերը հայկական կողմի վերահսկողության ներքո են, իրավիճակը այս պահին կայուն է․ Դավիթ Բաբայան

Հին Թաղլար և Խծաբերդ գյուղերը հայկական կողմի վերահսկողության ներքո են, այս պահին իրավիճակը կայուն է։ Соловьёв LIVE-ի ուղիղ եթերում այս մասին հայտարարել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

Նրա խոսքով՝ վերջին գործողությունները լայնամասշտաբ չեն եղել:

«Ադրբեջանական զինված մի քանի խմբերի կողմից փորձեր են եղել վերցնել այդ 2 գյուղերը, որոնք եռակողմ հայտարարության ստորագրման պահին հայկական կողմի վերահսկողության ներքո են եղել։ Երբ արցախյան զինված ուժերի ներկայացուցիչները տեսել են, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները մոտենում են գյուղերի ուղղությամբ, բնականաբար, իմաց են տվել, որ կանգ առնեն, բայց հետո դա չի եղել ու բախումներ են սկսվել»,-նշել է նա։

Բաբայանի խոսքով՝ այս պահի դրությամբ, իր տեղեկություններով, իրավիճակը հանգիստ է, բանակցություններ են վարվում, այդ թվում՝ ռուս խաղաղապահ ուժերի մասնակցությամբ՝ իրավիճակի կայունացման ուղղությամբ․ «Ես կարծում եմ՝ դա ադրբեջանական կողմից պրովոկացիա էր, ուղղակի պրովոկացիա»,- ասել է Բաբայանը։

Վերջինիս խոսքով՝ գյուղերն այս պահին Արցախի վերահսկողության տակ են ու այնտեղ, բարեբախտաբար, չեն եղել բնակիչներ։

Նշենք, որ Արցախի պաշտպանության բանակից հայտնել են, որ ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինված սադրանքի, ինչի արդյունքում մեկ ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել, իրականությանը չի համապատասխանում:

Իրականությունն այն է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել