Պետական եկամուտների կոմիտեի շնագիտական կենտրոնում հատուկ պատրաստություն անցած ծառայողական շները և կինոլոգները սեպտեմբերից շուրջօրյա հսկողություն են իրականացնում Բագրատաշենի անցակետում: Նախկինում կենտրոնի ծառայողներն, ըստ անհրաժեշտության, գործուղվում էին Հայաստանի սահմաններ Երևանից: ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի շրջանակում վարժեցված շներն ու կինոլոգներն արդեն մշտական ծառայություն են իրականացնում ինչպես Մեղրիի, այնպես էլ Բագրատաշենի մաքսակետում, ինչը բարձրացնում է հսկողության արդյունավետությունը:
Այս մասին տեղեկանում ենք պետական եկամուտների կոմիտեից:
Նախապես իրականացվող վերլուծությունների արդյունքում առավել ռիսկային մեքենաները զննվում են ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնի ծառայողական շների կողմից` չխոչընդոտելով մաքսատան բնականոն աշխատանքը: Բեռնատարների և մարդատար մեքենաների դեպքում զննումը տևում է միջինում 5 րոպե, իսկ թեթև մարդատար մեքենաների դեպքում` մինչև 2 րոպե:
Բագրատաշեն տեղափոխված ծառայողական 4 շները պահվում են մաքսակետի տարածքում` հատուկ պայմաններով առանձնացված հատվածում: Նրանց մի մասը կոմիտեի ռազմավարական ծրագրի շրջանակում շնագիտական կենտրոնում բուծված ցեղատեսակների առաջին սերունդներից է:
Բագրատաշենի անցակետում մշտական ծառայություն է իրականացնում 4 աշխատակից: «Բոլորը բնակվում են Տավուշի մարզում` մոտակա գյուղերում, ինչը հեշտացնում է ամենօրյա աշխատանքը: Լինում են դեպքեր, երբ հերթափոխ իրականացնող 2 ծառայողներին օպերատիվ օգնության են հասնում մյուս հերթափոխի աշխատակիցները»,-տեղեկացնում է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժնի (կենտրոնի) պետ Կարեն Բալայանը:
Անհրաժեշտության դեպքում ծառայողական շները և կինոլոգները Բագրատաշենից կգործուղվեն մոտ հեռավորության վրա գտնվող երկաթուղային բեռնափոխադրումների մաքսային ձևակերպումները սպասարկող Այրում-Ջիլիզայի մաքսային կետ: