Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հիմնած «Միասնական հայրենիք» կուսակցության խոսնակ, խորհրդի աշխատակազմի նախկին աշխատակից Անուշ Դոլուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արայիկ Հարությունյանը երեկ ընդունել է անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար կազմին՝ պարզաբանելու գրասենյակի շուրջ ստեղծված իրավիճակը: Ա. Հարությունյանը հավաստիացրել է, որ աշխատակիցներին հնարավորություն է տրվելու շարունակել աշխատանքը պետական կառավարման համակարգում:
Ի պատասխան այն հարցի, թե ինչու է գրասենյակի ձևաչափը պահպանվում, սակայն աշխատակազմն ամբողջությամբ արձակվում, Ա. Հարությունյանը նշեց, որ դա նորանշանակ անվտանգության քարտուղարի պահանջն էր, որին ինքը պիտի ընդառաջեր համագործակցության շրջանակներում»,-նշել է նա:
Ավելի վաղ Դոլուխանյանը հայտարարել էր, որ Արցախի անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղարը վտանգել է ավելի քան 50 ընտանիքի սոցիալական անվտանգություն։
«Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակազմը զգուշացվել է. նախագահականից ասել են` երկուշաբթիից գրասենյակում մարդ չլինի, նորանշանակ քարտուղարը իր թիմով է գալու»,-նշել էր նա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հայտարարությունից հետո, նոյեմբերի 10-ին Սամվել Բաբայանը հայտարարեց, որ հրաժարվում է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից, ինչպես նաև դադարեցնում է իր՝ որպես Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի լիազորությունները։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։