Հանրային խորհրդի անդամ, հրապարակախոս Հովհաննես Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ի՞ՆՉ ԱՆԵԼ
կամ ճգնաժամից դուրս գալու հրատապ քայլերը
Հետպատերազմանական շրջանում շատերն են գիտակցում ստեղծված աղետալի վիճակն ու առավել աղետալի զարգացումների սպառնալիքները: Սակայն միշտ չէ, որ քայերն ու գործողությունները համապատասխանում են ստեղծված իրավիճակի գիտակցմանը:
Մեր քաղաքական էլիտան նման է 1-ին ռունդում նոկաուտի ենթարկված բռնցքամարտիկի թիմին, որը բռնցքամարտիկին արագ վերականգնելու, ուշքի բերելու գործողությունների փոխարեն ռինգի անկյունում սկսել է գզվրտոց, թե ո՞վ էր մեղավոր… Իսկ «մրցավարը» հաշվում է վայրկյանները և պատրաստվում է կրկին մարտակոչ հնչեցնել…
Մեղավորներ, անշուշտ, կլինեն: Սակայն պահն ավելի կարևոր առաջնահերթություններ է թելադրում: Առավել կարևոր է ճիշտ ախորոշել և վեր հանել անհաջողության պատճառները: Դրանք կարելի է բաժանել երկու խմբի՝ մարտավարական, որոնք առավել բնութագրական են վերջին 2,5 տարվա ժամանկահատվածին և ռազմավարական, որոնք հատուկ են ոչ միայն վերջին 2,5 տարիներին , այլև վերջին 25 տարիներին: Դրանց մասին կարելի է մեկ առ մեկ խոսել, և դեռ հանգամանալից խոսվելու է:
Սակայն առավել կարևոր է այդ սխալների գիտակցմամբ և իրավիճակի ճիշտ գնահատմամբ սահմանել առաջնահերթ քայլերն ու անելիքները՝ ձևակերպելով կարճաժամկետ, միջնաժամկետ և հեռանկարային թիրախները:
ԱՆՀՐԺԵՇՏ Է.
1. ՀՆԱՐԱՎՈՐԻՆ ՍԵՂՄ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՎԵՐԿԱՆԳՆԵԼ ԲԱՆԱԿԻ ՄԱՐՏՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՎԵՐԱԶԻՆԵԼՈՎ ԱՅՆ ԱՄԵՆԱԱՐԴԻԱԿԱՆ ԶԻՆՏԵԽՆԻԿԱՅՈՎ, ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ և ՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿՐԳԵՐՈՎ: Թշնամու ռազմանավությանը վաղուց էինք ծանոթ: Նոր մարտավարության և զինեխնիկայի «հետախուզությունն» էլ անասելի թանկ նստեց մեզ վրա: Սակայն արդեն լավ գիտենք, թե հաջորդ փուլում ինչ խնդիրներ է առաջադրելու թշնամին և որոնք են դրանք հաղթահարելու ուղիները:
2. Որտե՞ղ գտնել ֆինասական միջոցներ: Այս հարցում մեծահարուստների կարողություններն անտեսել-թերագնահատել չի կարելի, բայց և հույսը նրանց վրա դնել նույնպես չի կարելի: (Նրանց ֆինանսերը «ջրի երես հանել» և հայրենական տնտեսության մեջ շրջանառել կարելի է, թերևս, կապիտալի յուրօրինակ ամնիստիա անելով): ՊԵՏՔ Է ՍԱՀՄԱՆԵԼ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ՝ յուրաքանչյուր աշխատողի հաշվով (օր.՝ աշխատավարձի 1%-ի չափով): Անհրաժեշտ է նաև կտրուկ վերանայումների ենթարկել 2021թ. պետական բյուջեի նախագիծը՝ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԾԱԽՍԵՐԸ:
Մեր հայրենակիցները լավ են յուրացրել պատմական դասը, որը դիպուկ է հնչում նապոլոնյան ձևակերպմամբ՝ «ժողովուրդը, որը չի ցանկանում կերակել իր բանակը, ստիպված կլինի կերակրել օտարինը»:
3. Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի համաձայն՝ ԳԵՐԻՆԵՐԻ ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ՎԵՐԱԴԱՐՁ: Նախընտրելի է իրականացնել փոխանակում «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով: Այդ նպատակով պետք է մոբիլիզացնել ինչպես հրադադարի միջնորդ ՌԴ, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների և միջազգային համապատասխան կազմակերպությունների ջանքերը:
4. Սոցիալական աջակցության արդյունավետ քաղաքականություն իրականացնելով, ՀՈՎԱՆՈՒ ՏԱԿ ԱՌՆԵԼ ՀԱՇՄՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ և ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ: Զինվորը պետք է վստահ լինի, որ զոհվելու դեպքում իր ընտանիքը հայտնվելու է հանրության և պետության հովանու տակ, նյութական ու սոցիալական առումներով՝ ոչ պակաս, անգամ ավելի բարվոք վիճակում, քան իր կենդանության օրոք:
5. ՄԵՐՁԵՑՆԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ, ՌԱԶՄԱԿԱՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԼԽԱՎՈՐ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ: Հիմնել համատեղ ռազմաարդյունաբերական ձեռնարկություններ՝ հրթիռահամազարկային և հակաօդային պաշտպանության համակարգերի, արկերի, ԱԹՍ-ների և այլնի արտադրության նպատակով: Միշտ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ պատերազմական գործողությունների վերսկսման պայմաններում ՀՀ-ն և Արցախը կրկին կարող են հայտնվել ռազմական մատակարարումների առումով լիակատար շրջափակման մեջ:
6. Անհրաժեշտ է ակտիվացնել և համակարգել փաստահավաք առաքելությունները՝ Հայաստանի և Արցախի՝ տասնամյակներ տևող թուրք-ադրբեջանական շրջափակման, Արցախի բնակավայրերում ավերածությունների, քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման, դպրոցների, մանակապարտեզների, հոսպիտալների և ծննդատան ռամբակոծման, Արցախում և Նախիջևանում հայկական պատմամշակութային կոթողների ոչնչացման, քաղաքացիական բնակչության դեմ իրականացրած անմարդկային վանդալիզմի և պատերազմական հանցագործությունների (զանգվածային ոչնչացման զիանտեսակների, ֆոսֆորային և կասետային ռումբերի լայնորեն կիրառման) վերաբերյալ և բազում փաստերի հիման վրա ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ ՍԿՍԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄ՝ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ։
7. ԷԱԿԱՆ ՋԱՆՔԵՐ ԳՈՐԾԱԴՐԵԼ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՃԱԿԱՏՈՒՄ՝ ՀԱԿԱԹՈՒՐՔԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՁևԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ: Մանավանդ, որ Թուրքիան դրա համար շռայլ հնարավորություններ է ընձեռում իր ագրեսիվ և անթաքույց զավթողական քաղաքականությամբ:
Իհարկե, ԿԱՐԵԼԻ Է ՀԱՎԵԼԵԼ, որ պետք է համալիր և հետևողական ծրագրեր իրականացնել դեմոգրաֆիական աճի խթանման, տետեսական ցուցանիշների էական բարելավման նպատակներով: Այդ խնդիրները պետք է արտացոլված լինեն թե՛ կարճաժամկետ, թե՛ միջնաժամկետ և թե՛ հեռանկարային ծրագրերում:
ՊԱՀԻ ՀԱՄԱՐ ԹԵՐԵՎՍ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ: Առաջիկայում պետական իշխանության լծակները անհրաժեշտ է վստահել այն քաղաքական ուժին կամ ուժերին, որոնք կստանձնեն վերը շարադրված խնդիրների լուծումը և ունեն իրական հնարավորություններ այդ առաքելությունն իրականացնելու:
Թեև, հազիվ թե առանձին վերցրած որևէ քաղաքական ուժ ի զորու լինի հաղթահարելու մեր պետության առջև ծառացած մարտահրավերները: Դրա համար անհրաժեշտ կլինի վերականգնել Արցախի հարցում ՀՀ քաղաքական ուժերի միջև առկա երբեմնի կոնսենսուսը և գործել միաբանորեն, ջանքերը համադրելուվ ու միևնույն թիրախին հարվածելով:
Անհրաժեշտ է հիշել՝ այն ինչ միավորում է քաղաքական ուժերին, հենց դա էլ, անհաջող կումունիկացիայի և չարդարացված ամբիցիաների արդյունքում, կարող է պառակտել՝ ջլատելով ուժերը:
Անհրաժեշտ է նաև ենթագիտակցական մակարդակում ամրագրել այն իրողությունը, որ գժտություններով ապրող տան դուռը դժբախտությունը հաճախ է թակում և առանց հրավերի ներս խցկվում: Իսկ դժբախտությունը դեռ կանգնած է մեր Հայրենիքի շեմին:
ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ, ՀՐԱԴԱԴԱՐ Է»: