Սամվել Բալասանյանի ուղերձը դեկտեմբերի 7-ի կապակցությամբ

Գյումրու համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը գրել է․

«ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հարգելի՛ գյումրեցիներ,
32 տարի է, ինչ դեկտեմբերի 7-ը մեր հիշողության մեջ մնացել է որպես ցավի ու խորը կսկիծի լուռ վկայություն: Աղետի գոտու և, մասնավորապես, յուրաքանչյուր գյումրեցու կենսագրության մեջ դեկտեմբերի 7-ը դրոշմված է յուրովի: Րոպեների ընթացքում հազարավոր ճակատագրեր խեղվեցին, հազարավոր մանուկներ որբացան, արտադրական հզոր տնտեսության համբավ ունեցող Գյումրին հայտնվեց ծանր կացության մեջ:

Այսօր մենք մեր խոնարհումն ենք բերում աղետալի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատսկին: Ուզում եմ նաև իմ երախտիքի խոսքը հղել բոլոր նրանց, ովքեր, չնայած դժվարին պայմաններին, չամոքվող վշտին, չընկրկեցին, իրենց մեջ ուժ գտան մնացին Գյումրիում, արարեցին և իրենց լուման ներդրեցին քաղաքի վերակառուցման գործում: Անցնող 32 տարիների ընթացքում բնակարանաշինության, քաղաքի վերակառուցման և մի շարք այլ ուղղություններում բազաթիվ ծրագրեր իրականացվեցին, բայց բազմաթիվ խնդիրներ դեռ մնում են չլուծված, դրանք մեր ամենօրյա ուշադրության կենտրնում են:

1988-ի դեկտեմբերի 7-ը միավորեց ոչ միայն համայն հայությանը, այլև աշխարհասփյուռ մարդկությանը: Հիշատակի այս օրը ևս մեկ առիթ է, մեր երախտիքի խոսքը հղելու բոլոր այն մարդկանց, ովքեր աղետից ժամեր անց արդեն մեր կողքին էին և մեզ հետ միասին ձեռնամուխ եղան քաղաքի վերականգնմանն ու կառուցմանը:

Չսպիացած վերքերով, բայց հաստատուն քայլերով Գյումրին այսօր էլ շարունակում է նոր շունչ ստանալ ու վեր հառնել՝ նախանշելով հպարտ գյումրեցու անկոտրում կամքն ու արարելու ձգտումը: Անցնող տարիներին հաղթահարել և այսօր էլ հաղթահարում ենք բոլոր դժվարությունները, գյումրեցուն բնորոշ յուրօրինակ կամքով շարունակում ապրել ու արարել:

Սիրելի՛ գյումրեցիներ, ևս մեկ անգամ իմ խոնարհումն եմ բերում երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին, հայ ժողովրդի համար դժվարին այս օրերին մաղթում բոլորիս խաղաղ երկինք, անսպառ ուժ, անկոտրում կամք և լավատեսություն»:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել