Զինծառայողներին դեկտեմբերի 1-ին արձակուրդներ կտրամադրվեն։
Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, կառավարության մոտ ասաց Արցախում զինծառայությունը շարունակող զինվորի մայր Լուսինե Հարոյանը։
«Գիտեմ, որ վաղվանից որոշակի հոսքով Արցախից Հայաստան երեխաները գալու են արձակուրդ։ Չնայած, դա էլի որոշակի դժգոհության առիթ է տալիս, քանի որ հերթական արձակուրդները երեխաներին պետք է տրվեին 10 օրով, բայց 7 օրով են տալիս, բայց անգամ դա մենք ինչ-որ տեղ կարող ենք հասկանալ։ Հասկանում ենք, որ մեծ թվով երեխաներ չեն կարող անմիջապես հանել, իսկ որպեսզի մյուս երեխաները՝ որոնք ընկնելու են 4-րդ, 5-րդ հոսք՝ շատ երկար չսպասեն, չմնան հունվարին»,-ասաց Հարոյանը։
Նա հայտնեց, որ ամենօրյա ռեժիմով հավաքվում են զինծառայողների ծնողները՝ իրենց աշխատանքները կոորդինացնելու համար և այժմ վարչապետի հետ շտապ հանդիպման կարիք չունեն։
Հարոյանը հայտնեց, որ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հետ հանդիպումից հետո զինծառայողների ծնողները հանդիպում են ունեցել պաշտպանության նախարարի հետ։ Ծնողները համաձայնում են, որ հետագա պահնաջները ձևավորվելու դեպքում էլ կդիմեն ՊՆ-ին, այլ ոչ՝ կառավարությանը։