Ե՞րբ և ինչպե՞ս է վճարվում կենսաթոշակը

Յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում կենսաթոշակառուի դիմումի հիման վրա` անկանխիկ կամ կանխիկ եղանակով:

Կենսաթոշակը վճարվում է լիազոր մարմնի հետ կենսաթոշակների վճարման ծառայություններ մատուցելու պայմանագիր կնքած կազմակերպության կամ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած այլ կազմակերպության միջոցով:

Կենսաթոշակ վճարելու ծախսերը կատարվում են պետական բյուջեում այդ նպատակով նախատեսված միջոցներից:

Կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարելը կենսաթոշակի գումարը կենսաթոշակառուի, իսկ անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում նրա օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի բանկային հաշվին փոխանցելն է:

Կենսաթոշակը կանխիկ եղանակով վճարելը կենսաթոշակի գումարի տրամադրումն է անձամբ կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին:

Կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ պատշաճ կարգով բանկին ներկայացնել իր ողջ լինելու մասին Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող նոտարի հաստատած փաստաթուղթը կամ ներկայանալ բանկ և հայտարարություն տալ իր ողջ լինելու մասին:

Դիմումը կամ հայտարարությունը կենսաթոշակառուն ներկայացնում է նախորդ տարվա ընթացքում այն ներկայացնելու (կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու) ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ:

Կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար վճարված կենսաթոշակի գումարը ենթակա է վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

Հաշմանդամության խումբը փոխվելու, ինչպես նաև «հաշմանդամ երեխա» կարգավիճակի փոխարեն հաշմանդամության խումբ ձեռք բերելու դեպքում կենսաթոշակը նոր չափով վճարվում է այդ հանգամանքն առաջանալու ամսին հաջորդող ամսվա 1-ից:

Կենսաթոշակը նաև վճարվում է կենսաթոշակառուի (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվողկենսաթոշակառուի դեպքում նրա օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի) կողմից Հայաստանի Հանրապետությունում տրված և Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող նոտարի վավերացրած լիազորագրով, եթե այդ մասին գրավոր դիմումը և լիազորագիրը ներկայացվում են կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում: Վերալիազորման կարգով տրված լիազորագրով կենսաթոշակ չի վճարվում:
Քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող կամ հոգեբուժական հաստատությունում բուժվող կենսաթոշակառուիկենսաթոշակը վճարվում է նաև տվյալ կազմակերպության ղեկավարի վավերացրած լիազորագրով:

Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետություն մշտական բնակության մեկնող (մեկնած) անձի կենսաթոշակի գործն ուղարկելու դեպքում կենսաթոշակառուին մինչ այդ չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է նաև այդ պետությունում գործունեություն իրականացնող նոտարի վավերացրած լիազորագրով:

Մեկ լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել տասներկու ամսից ոչ ավելի ժամանակահատվածի կենսաթոշակի գումար` սկսած կենսաթոշակ չվճարված ամսից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողությունը դադարելը:

Լիազորագիրը տալու ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսից հետո կենսաթոշակի գումարը տվյալ լիազորագրով չի վճարվում:

Դադարեցված կենսաթոշակի վճարումը լիազորագրով չի վերսկսվում, բացառությամբ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող կամ հոգեբուժական հաստատությունում բուժվող կենսաթոշակառուի կենսաթոշակը վճարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետություններ մշտական բնակության մեկնող (մեկնած) անձի կենսաթոշակի գործն ուղարկելու դեպքերի, երբ օրենքով սահմանված կարգով վճարվում է կենսաթոշակառուին մինչ այդ չվճարված կենսաթոշակի գումարը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել