Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 29.05.2009թ. տրված թիվ ԵԱԴԴ/0552/02/09 կատարողական թերթի համաձայն` պետք է արգելանք դնել Վարշամ Ղարիբյանի մոտ, ինչպես նաև վերջինիս սեփականության իրավունքով պատկանող այլ շինություններում գտնվող «Մավա Իմպուլս» ՍՊԸ պատկանող թվով 53 անվանում տրանսպորտային միջոցների վրա՝ արգելելով մեքենաների շահագործումը։
Նշված կատարողական թերթի հիման վրա` 04.06.2009թ. ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնում հարուցվել է թիվ 01/06-710/09 կատարողական վարույթը և նույն օրը որոշում է կայացվել «Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու և որոշակի գործողությունների կատարումն արգելելու մասին»։ Կատարողական թերթի պահանջներն ապահովվելու համար արգելանք է դրվել Վարշամ Ղարիբյանի, ինչպես նաև այլ անձանց մոտ գտնվող տրանսպորտային միջոցների վրա՝ արգելելով դրանց շահագործումը։
Կատարողական գործողությունների ընթացքում «Մավա Իմպուլս» ՍՊԸ կողմից 06.10.2009թ. և 19.02.2010թ. ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն է ներկայացվել Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված թիվ ԵԱԴԴ/0552/02/09 կատարողական թերթեր` հայցի ապահովման միջոցը մասնակի վերացնելու մասին, ըստ որի` պահանջատիրոջը վերադարձված թվով 17 անվանում տրանսպորտային միջոցների վրա կիրառված սահմանափակումները պետք է վերացնել։
Ձեռնարկված կատարողական գործողությունների ընթացքում պահանջատիրոջը վերադարձվել են թվով 7 մեքենաներ, իսկ մնացած 3 մեքենաների վերադաձման վերաբերյալ 20.10.2011թ. կազմվել է արձանագրություն այն մասին, որ մեքենաները ներկա պահին գտնվում են Վարշամ Ղարիբյանի մոտ, սակայն նա հրաժարվել Է կատարել կատարողական թերթի պահանջը և խնդրել Է հետաձգել կատարողական վարույթի ընթացքը մինչև մեկ այլ քաղաքացիական գործով դատաքննության ավարտը։
Հայցվորի խոսքով` Վարշամ Ղարիբյանը չի կատարում օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջը, որն էլ առաջացնում Է պատասխանատվություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 2069-րդ հոդվածի համաձայն։
Դատարանը վճռեց հայցը բավարարել. Վարշամ Ղարիբյանին ենթարկել վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 2069-րդ հոդվածով` նրա նկատմամբ նշանակել տուգանք նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 100.000 դրամ։
Աղբյուրը` Իրավաբան.net