Նախկին ամուսնուց, որը նյութական բավարար միջոցներ ունի, դատական կարգով ալիմենտի պահանջի իրավունք ունի՝
ա) նախկին կինը՝ հղիության ընթացքում, ինչպես նաև ընդհանուր երեխային խնամող ամուսինը մինչև երեխայի երեք տարին լրանալը.
բ) անապահով նախկին ամուսինը, որը խնամում է մանկուց հաշմանդամ ընդհանուր երեխային կամ առաջին խմբի հաշմանդամ զավակին.
գ) անաշխատունակ անապահով նախկին ամուսինը, որը հաշմանդամ է դարձել մինչև ամուսնալուծվելը կամ ամուսնալուծվելուց հետո` մեկ տարվա ընթացքում.
դ) անապահով ամուսինը, որը կենսաթոշակային տարիքի է հասել ամուսնալուծության պահից սկսած հինգ տարում, եթե ամուսինները տասնհինգ և ավելի տարի գտնվել են ամուսնության մեջ։
Ալիմենտի չափը և ամուսնալուծությունից հետո նախկին ամուսնուն դա տրամադրելու կարգը կարող է որոշվել նախկին ամուսինների համաձայնությամբ։ Համաձայնության բացակայության դեպքում ամուսնուց (նախկին ամուսնուց) դատական կարգով բռնագանձվող ալիմենտի չափը` կայուն դրամական գումարով, որոշում է դատարանը: Ալիմենտը ենթակա է վճարման յուրաքանչյուր ամիս։
Աղբյուրը` Իրավաբան.net