Երևանի քաղաքապետարանի կողմից որևէ հիմնավոր ապացույց չբերվեց

Երևանի քաղաքապետը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Բ. Բալասանյանի` «200.000 դրամ գումարի բռնագանձման նպատակով վճարման կարգադրություն արձակելու» պահանջի մասին։

Հայցվոր Երևանի քաղաքապետը, դիմելով դատարանին, հայտնել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակցի կողմից 18.08.2010թ. կազմած թիվ 002288 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության համաձայն՝ քաղաքացի Բ. Բալասանյանի կողմից Չեխովի փողոցի թիվ X շենքի առաջին հարկում, ինքնակամ իրականացվել են մուտքի կառուցման շինարարական աշխատանքներ։

Վարչական իրավախախտումների գործերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի՝ 16.09.2010թ. հ.Վ-32/4 արձանագրության հիման վրա Երևանի քաղաքապետի կողմից 16.09.2010թ. կայացվել է վարչական իրավախախտման գործի վերաբերյալ հ. Վ-32/4 որոշումը, որով Բ. Բալասանյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության 200.000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով։

Պատասխանողը ՀՀ վարչական դատարան հակընդդեմ հայց է ներկայացրել, որով հայտնել է, որ իր կողմից ոչ մի վարչական իրավախախտում չի կատարվել ու տեղյակ չի եղել վերոհիշյալ որոշման և արձանագրության մասին, այլապես կներկայանար Երևանի քաղաքապետարան ու միջոցներ կձեռնարկեր այդ թյուրիմացությունը շտկելու համար, քանի որ իրականում ինքը ոչ մի մուտքի կառուցման աշխատանքներ չի իրականացրել, որովհետև այն մուտքը, որի մասին խոսվում է, իրականում կառուցվել է ոչ թե իր կողմից, այլ այն գոյություն է ունեցել 1991թ.-ից։ Դրա կառուցման հետ ինքը որևէ կապ չունի, որը հաստատում է նաև Չեխովի փողոցի թիվ X շենքի բնակիչների կողմից գրված ու ստորագրված հայտարարությունը` հաստատված կնիքով։

Դատարանի եզրահանգմամբ` եթե ընդունենք, որ վիճարկվող որոշման կայացման համար ապացույց հանդիսացած Արձանագրության մեջ նշված ժամանակ է ստույգ կատարվել Չեխովի փողոցի թիվ X շենքի 1-ին հարկում, ինքնակամ մուտքի կառուցման շինարարական աշխատանքները, այն է` 18.08.2010թ., ապա հարկ է նշել, որ նշված ժամանակ այդ շինարարական աշխատանքների կատարման փաստը որևէ ապացույցով չի հաստատվել։ Իրավախախտման էությունն ըստ էության արձանագրության մեջ նշվել է թերի։ Արձանագրությունը չի բովանդակում դրույթ, թե ըստ էության ինչ բնույթի աշխատանքներ են կատարվել, որոնք ըստ վարչական մարմնի համարվել են պատասխանողի կողմից Չեխովի փողոցի թիվ X շենքի 1-ին հարկում, ինքնակամ մուտքի կառուցման շինարարական աշխատանքներ։ Հարկ է նշել նաև, որ չնայած Արձանագրության մեջ որպես իրավախախտման կատարման ժամանակ «18.08.2010թ.» ամսաթվի նշմանը, վիճարկվող որոշումը չի բովանդակում իրավախախտման կատարման ժամանակը։

Դատարանը վճռեց Բ. Բալասանյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, բավարարել, իսկ Երևանի քաղաքապետարանի հայցն ընդդեմ Բ. Բալասանյանի` մերժել։

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել