Սկզբնական հայցով հայցվոր, հակընդդեմ հայցով պատասխանող` անհատ ձեռնարկատեր Սոս Թորոսյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մասիսի տարածքային հարկային տեսչության` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մասիսի տարածքային հարկային տեսչության ակտը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին, և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մասիսի տարածքային հարկային տեսչությունը հակընդդեմ հայց է ներկայացրել ընդդեմ անհատ ձեռնարկատեր Սոս Թորոսյանի` 19.317.823 դրամ բռնագանձելու պահանջի մասին:
Հայցվորի խոսքով` օտարերկրյա պետությունում ձեռք բերված ապրանքները ՀՀ տարածք են տեղափոխվել օտարերկրյա կազմակերպության` Դուբայում գրանցված «Յամի Ջեներալ Թրեյդինգ» ՍՊ ընկերության կողմից: Այս ընկերությունն ապրանքների տեղափոխման համար ներկայացրել է իր կողմից մշակված և իր երկրի կողմից ընդունելի փաստաթուղթ, որի հիման վրա կատարվել է վճարումը: Փաստաթղթերը պարունակում են տեղեկություններ վճարված գումարի, տեղափոխված բեռնարկղերի, տեղափոխողի` վճարն ստացողի, և վճարողի մասին, որոնք հնարավորություն են տալիս համոզվելու, որ վճարումը կատարվել է «Յամի Ջեներալ Թրեյդինգ» ՍՊ ընկերությանը Սոս Թորոսյանի կողմից` իր ապրանքների տեղափոխման համար:
Նշված ծախսերը փաստաթղթերով հիմնավորված չլինելու ստուգողների հետևության հիմքում դրված է ՀՀ կառավարության 25.08.1998 թվականի թիվ 525 որոշմամբ հաստատված կարգը, որի պահանջներին տվյալ փաստաթղթերը չհամապատասխանելու մասին եզրահանգում է արվել ակտում: Տվյալ կարգի գործողությունը չի կարող տարածվել այլ պետությունում օտարերկրյա իրավաբանական անձի կողմից հաշվարկային փաստաթղթի կազման հարաբերությունների վրա, չի կարող սահմանել այլ պետությունում օտարերկրյա իրավաբանական անձի դուրս գրած հաշվարկային փաստաթղթերին ներկայացվող պարտադիր պահանջներ, վավերապայմաններ: Տվյալ դեպքում Արաբական Միացյալ Էմիրությունների ռեզիդենտ կազմակերպության կողմից իր երկրում դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի նկատմամբ ՀՀ կառավարության 25.08.1998 թվականի թիվ 525 որոշմամբ հաստատված կարգը կիրառելի չէ, այդ կարգի կիրառմամբ չի կարող հաշվարկային փաստաթղթով հաստատվող ծախսը դիտվել չհիմնավորված:
Դատարանը վճռեց. սկզբնական հայցը բավարարել ամբողջությամբ` անվավեր ճանաչել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մասիսի տարածքային հարկային տեսչության 2012 թվականի փետրվարի 22-ի թիվ 1001719 ակտի 2-րդ, 5-րդ և 16-րդ կետերը: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մասիսի տարածքային հարկային տեսչության հակընդդեմ հայցն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Սոս Թորոսյանի` 19.317.823 դրամ բռնագանձելու պահանջի մասին, մերժել ամբողջությամբ:
Աղբյուրը` Իրավաբան.net