Մահմուդ Մոհամմադ Քազեմիին հայց է ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության` 2011 թվականի մայիսի 23-ի թիվ Մ-13/11 որոշումը վերացնելու պահանջի մասին:
Հայցվորը 2011թ. մարտի 2-ին դիմել է պատասխանող մարմնին` խնդրելով Հայաստանի Հանրապետությունում ճանաչել փախստական և տրամադրել ապաստան։ 2010թ. ապօրինի սահմանահատման մեղադրանքով ձերբակալվել է, 2011թ. ապրիլի 1-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նրան այցելել են միգրացիոն պետական ծառայության աշխատակիցներ և թարգմանչի օգնությամբ անցկացրել հարցազրույց։ Կազմված արձանագրությունը նրա կողմից չի ստորագրվել և հաստատվել։ Հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ չորս տարի առաջ լքել է Իրանը, որովհետև եղբոր մոջահեդ լինելու պատճառով հայցվորը մշտապես ենթարկվել է հետապնդման և մոտ 7-8 անգամ բանտարկվել նրան պաշտպանելու համար։ Նրա տուն բազմիցս առանց թույլտվության ներխուժել են ոստիկաններ և խուզարկել, տակն ու վրա արել այն, այդ իսկ պատճառով ստիպված է եղել ուժ գործադրել նրանց տնից դուրս բերելու համար։ Դրանից հետո մոտ երկու տարի ապրել է Ադրբեջանում, որտեղ հետապնդումներն արդեն ադրբեջանցիների կողմից են սկսվել, քանի որ նրանք իրանի քաղաքացիներին չեն սիրում։ Իրանցի գործակալների կողմից հինգ անգամ մահափորձ է կատարվել իր դեմ Ադրբեջանում եղած տարիներին, նաև ենթարկվել է ծեծի։ Ադրբեջանից գնացել է Վրաստան և 1 տարով ազատազրկվել ապօրինի սահմանահատման համար, հետո տեղափոխվել Հայաստան և կրկին ձերբակալվել։ Հարցազրույցի ժամանակ նշել է նաև, որ չի կարող վերադառնալ Իրան հետապնդվելու, ձերբակալվելու մտավախություն ունենալու պատճառով։
2011թ. մայիսի 23-ին պատասխանող մարմինը որոշում է կայացրել նրան ՀՀ փախստական չճանաչելու և ապաստանի տրամադրումը մերժելու մասին։
Փախստական համարվելու համար անհրաժեշտ է երկու պայմանի միաժամանակյա առկայություն. անձի նկատմամբ ռասայական, կրոնական, ազգային, սոցիալական որոշակի խմբի պատկաներության կամ քաղաքական հայացքների համար հետապնդման ենթարկվելու փաստ կամ համապատասխան երկրում համատարած բռնության, արտաքին հարձակման, ներքին հակամարտությունների, մարդու իրավունքների զանգվածային խախտումների կամ հասարակական կարգը խախտող այլ լուրջ իրադարձությունների առկայություն և դրանց առկայության դեպքում ռասայական, կրոնական, ազգային, սոցիալական որոշակի խմբի պատկաներության կամ քաղաքական հայացքների համար հետապնդման ենթարկվելու անձի հիմնավոր երկյուղը կամ համապատասխան երկրում համատարած բռնության, արտաքին հարձակման, ներքին հակամարտությունների, մարդու իրավունքների զանգվածային խախտումների կամ հասարակական կարգը խախտող այլ լուրջ իրադարձությունների պատճառով դրանց զոհ գնալու անձի հիմնավոր երկյուղը։
Դատարանի եզրահանգմամբ` հայցվորի կողմից վարչական մարմնին հայտնված փաստարկները չեն վկայում նշված նորմով ամրագրված երևույթների կամ դրանցից որևէ մեկի առկայության, ինչպես նաև հայցվորի` հիմնավոր երկյուղ ունենալու մասին։ Ըստ այդմ դատարանը եզրակացրել է, որ տվյալ դեպքում վիճարկվող որոշման կայացմանն ուղղված վարչական մարմնի գործողություններն իրավաչափ են։
Ուստի վճռեց Մահմուդ Մոհամմադ Քազեմիի հայց մերժել:
Աղբյուրը` Իրավաբան.net