Քաղաքացիական կամ վարչական գործի դատական քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով` դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ նշանակել փորձաքննություն: Սակայն հնարավոր է, որ դատավարության մասնակիցների մոտ կասկածներ ծագեն այդ եզրակացության հիմնավորվածության կամ արժանահավատության հետ կապված:
Եթե դատարանի կամ դատավարության մասնակիցների մեջ կասկածներ են առաջանում փորձագիտական եզրակացության արժանահավատության կամ հիմնավորվածության վերաբերյալ կամ առկա են հակասություններ մի քանի փորձագետների եզրակացություններում, ապա դատարանը միևնույն հարցերի վերաբերյալ կարող է նշանակել կրկնակի փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվում է մեկ այլ փորձագետի (փորձագետների, մասնագիտացված փորձագիտական հաստատության):
Կրկնակի փորձաքննությունը նշանակվում է դատարանի որոշմամբ, որում շարադրվում են նաև դատարանի պատճառաբանությունները` նախկինում տրված փորձագիտական եզրակացությունների հետ նրա անհամաձայնության վերաբերյալ:
Աղբյուրը` Իրավաբան.net