Արթուր Վանեցյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. փաստաբան

Դատարան միջնորդություն է ներկայացվել «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին կալանավորելու վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Վանեցյանի փաստաբաններից Լուսինե Սահակյանը։

«Դատարան, նկատի ունենալով այն հանգամանքը, որ արդեն իսկ սկսել էր ձերբակալման իրավաչափության հարցի քննարկումը, այս միջնորդությունը չի միացրել բողոքին եւ քննում է առանձին։ Այսինքն՝ մինչև այս պահը քննվում էր Արթուր Վանեցյանի ձերբակալման իրավաչափության հարցը»,- նշեց Լուսինե Սահակյանը։

Ձերբակալման իրավաչափության հարցի վերաբերյալ որոշում կայացնելու համար դատարանը հեռացել է խորհրդակցական սենակ։

Նա նշել է, որ քննիչի կողմից ներկայացված այն փաստաթղթերը, որոնք ներկայացվել էին դատարանին, դրանց բովանդակությունը չէր համապատասխանում առնվազն ԱԱԾ-ի հրապարակած ձայնագրությունների հետ։

Նա ասաց, որ դատական նիստին հարց է բարձրացվել Վանեցյանի՝ քրեական գործից թաքնվելու վտանգի վերաբերալ. «Չի կարող թաքնվելու ռիսկ լինել՝ որպես ձերբակալման նպատակ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Արթուր Վանեցյանը օրեր շարունակ անընդհատ հրավիրվել է տարբեր քննչական մարմիններ, ներկայացել է։ Նույնիսկ երբ խուզարկություն է կատարվել իր, իր ծնողների բնակարաններում, ինքը տեղյակ է եղել կասկածանքի բովանդակությանը, նրան հրավիրել են ԱԱԾ եւ ինքն էլ ներկայացել է ԱԱԾ։ Ակնհայտ է, որ Արթուր Վանեցյանի ձերբակալությունն ապօրինի է, ակնհայտ է, որ այն պիտի ճանաչվի ոչ իրավաչափ, եւ նա պետք է ազատ արձակվի»։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ի հաղորդմամբ՝ Սյունիքի բնակիչ Ա. Մ.-ն և Հայաստանի ու Արցախի Հանրապետություններում գործունեություն ծավալած կուսակցությունների ղեկավար, հակաիշխանական հայացքներ ունեցող մի շարք քաղաքական գործիչներ և նրանց համախոհներ, նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք ուղղակի դիտավորությամբ հանցանք կատարելու համար ձեռք են բերել միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել այլ պայմաններ՝ այդ կերպ նախապատրաստելով կատարելու պետական գործչի սպանություն և իշխանության յուրացում, սակայն իրենց գործողություններն ավարտին չի հասցվել նրանց կամքից անկախ հանգամանքներով, այն է՝ նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործությունները բացահայտվել և խափանվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից:

Հիշատակված հանցավոր արարքները կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Ա. Վ.-ն, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վ. Բ.-ն, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Ա. Ա.-ն, ինչպես նաև Սիսիանի կամավորականների ջոկատի հրամանատար Ա. Մ.-ն, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և համապատասխան քննչական ու այլ դատավարական գործողություններ խմբի մյուս անդամներին հայտնաբերելու և նրանց հանցավոր գործունեությունը կանխելու, խափանելու և չեզոքացնելու ուղղությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել