Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի և Կոլումբիայի համալսարանի համագործակցությամբ մեկնարկել է հետազոտական նախագիծ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի և Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի միջև նոյեմբերի 12-ին կնքվել է համագործակցության պայմանագիր, որի շրջանակներում նույն ինստիտուտի խաղաղաշինության և իրավունքների ծրագրում մեկնարկել է հետազոտական նախագիծ «Արտաքին ահաբեկչական գործողություններն ու մարդու իրավունքները Արցախում (Լեռնային Ղարաբաղ)» թեմայով:

Նախագծի նպատակն է առաջնային աղբյուրների հավաքագրմամբ փաստագրել Ադրբեջանի զինված ուժերի և Թուրքիայի կողմից հովանավորվող իսլամիստ ահաբեկիչների և վարձկանների կողմից Արցախում կատարված պատերազմական հանցագործությունները և այլ վայրագությունները: Ծրագրի աշխատանքները կազմակերպվում են Ամերիկայի հայկական համագումարի աջակցությամբ:

Ծրագրի մեկնարկի վերաբերյալ Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի հաղորդագրության մեջ մանրամասն ներկայացվում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի կողմից սեպտեմբերի 27-ից մեկնարկած փաստահավաք առաքելության արդյունքները, Ադրբեջանի և ահաբեկչական խմբավորումների կողմից իրագործված պատերազմական հանցագործությունները:

«Ցանկացած կազմակերպություն ու անձ, որը հիրավի զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ, պետք է դա անի առանց սահմանափակումների ու վերապահումների, առավել ևս, երբ հարցը վերաբերում է խոցելի ժողովուրդներին»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: Նա ընդգծել է, որ միջազգային հանրությունն աչք է փակում Արցախում տեղի ունեցած մարդկության դեմ հանցագործության վրա:

«Շատ կարևոր է, որ մենք ներկայացնենք մարդկության դեմ հանցագործությունները,- ասել է ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիպսը,- Փաստագրումը կարող է լինել կանխարգելիչ միջոց հետագա հանցագործությունների համար: Այն կարող է նաև կիրառվել հանցագործությունների հեղինակներին պատասխանատվության ենթարկելու նպատակով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել