«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպաններից Լուսինե Սահակյանը։
Մեղադրանքն առաջադրվել է Քրեական օրենսգքրի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման), 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) հատկանիշներով։
«Իբրև թե իշխանության յուրացման և Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստության համար։ Մեղադրանքն ակնհայտ ապօրինի է, մեղադրանքի անօրինակությունը՝ ակնհայտ անհասկանալի և մեղադրանքի էությունը չի էլ պարզաբանվել։ Վանեցյանը բնականաբար իրեն մեղավոր չի ճանաչել։ Մենք պահանջել են առերեսում կատարել այն բոլոր անձանց հետ, ովքեր հնարավոր է վկայած լինեն իր դեմ, բացահայտել այն ապացույցները, որոնք հիմք են տվել այս մեղադրանքն առաջադրելու համար, որպեսզի մենք կարողանանք ներկայացնել մեր փաստարկները, որովհետև մենք ընդհանրապես չենք պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը գնում»,-ասաց փաստաբանը։
ԱԱԾ-ի հրապարակած հայտարարությանն անդրադառնալով նա ասաց, որ պահանջել են, որպեսզի բացահատվի, թե ովքեր են խոսող անձինք, որովհետեւ խոսակցությունից պարզ չէ՝ ովքեր են խոսում։ «Պահանջել ենք այդ անձանց հետ կազմակերպել առերեսում։ Եթե անձը Վանեցյան ասելով նկատի ունի կոնկրետ Արթուր Վանեցյանին, հասկանալի լինի, թե ինքն ինչի մասին է ընդհանրապես խոսում։ Եթե նա կպնդի, որ Վանեցյանը հնարավոր ինչ-որ հանցագործության հետ առնչություն ունի, ապա մենք կարողանանք հարցեր տալ այդ անձին»,-նշեց նա։