ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը պարզաբանում է տարածել, որում ասվում է․
«Ֆեյսբուքյան օգտատեր Մարատ Եգանյանն իր էջում գրառում է առել՝ նշելով. Հայաստանում Արցախի ներկայացուցիչ Միքայել Վիրաբյանը խուսափում է լրատվամիջոցներից և ընդհանրապես բոլոր արցախցիներից, ովքեր ինչ-ինչ հարցերով դիմում են նրան։
Հայտնում ենք, որ նախ Միքայել Վիրաբյանն ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարն է, ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքների համակարգման պատասխանատուն, այլ ոչ թե Արցախի ներկայացուցիչը ՀՀ-ում։
Օպերատիվ աշխատանքների համակարգման այս ժամանակաընթացքում և այսուհետ ևս Միքայել Վիրաբյանն առաջնորդվել է և կշարունակի աշխատել լրատվամիջոցների համար բաց և անկեղծ լինելու, իսկ քաղաքացիների խնդիրներին անձամբ տեղեկանալու աշխատելաոճով՝ դրա հետ մեկտեղ մերժելով կեղծ ինտրիգների և ազգի պառակտման գործելակերպ ունեցող լրատվամիջոցների և առանձին անհատների հետ անօգուտ առերեսումը։
Առիթից օգտվելով՝ ուզում ենք սերտ համագործակցության համար հատուկ շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարության համապատասխան մարմիններին, ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությանը, առանձին անձանց և կազմակերպություններին և մեր աշխատանքները լուսաբանող բոլոր ԶԼՄ-ներին։
Մենք շարունակելու ենք աշխատել՝ ունենալով մեկ օրակարգ. այն է՝ Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված արցախցիների սոցիալական խնդիրների համակարգումն ու համագործակցության միջոցով դրանց լուծումներ տալու առաջնահերթությունը»։