Մենք արժանի չենք, իսկապես, այն տղերքին, որ իրենց կյանքը զոհաբերեցին հանուն հզոր հայրենիքի տեսիլքի. Գոռ Աբրահամյան

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բնապահպանության նախարարը գրառում է անում Արցախում սկսված անխնա ծառահատումների մասին:

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականը հայտարարում է Ստեփանակերտում և, թերևս, Արցախի լքված այլ՝ չբռազավթված բնակավայրերում սկսված գողությունների, թալանի մասին:

Այս օրերին, երբ շատ-շատերիս սրտից արյուն է կաթում, ու մարդ չգիտեի՝ ողջ է թե մեռած, Երևանի փողոցներում, ժամանցի վայրերում այնպիսի վիճակ է, կարծես այս ողբերգությունն ու աղետը ոչ թե մեզ է պատուհասել, այլ հեռավոր ինչ որ անհայտ կղզու անհայտ բնակիչների:

Մնացած բաների մասին ուղղակի չեմ կարող հիմա խոսել:

Ու ցավալիորեն, ցավալիորեն հասկանում ես, որ մենք, որպես հավաքականություն, (դեռ ուզում եմ հավատալ՝ ոչ որպես ազգ ու ժողովուրդ) բարոյալքված ենք, փչացած, հոտած, մտածելու ցանկությունը կորցրած:

Մեր պարտության պատճառներն այլ տեղ պետք չէ փնտրել: Մեր պարտության իրական հիմնական արմատները հենց մեր այս որակի մեջ է թաքնված: Մենք արժանի չենք, իսկապես, այն տղերքին, որ իրենց կյանքը զոհաբերեցին հանուն հզոր, զարգացած, ազգային պետության ու հայրենիքի տեսիլքի: Տեսիլք, որը մեր այսպիսի որակների պատճառով ուղղակի  վերածել ենք ամորֆ ու անբովանդակ ինչ որ բանի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել