Շուշի քաղաք մուտք գործած ադրբեջանցիները պղծել են Շուշիի Ղազանչեցոց Ս․ Ամենափրկիչ եկեղեցին․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժինը հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«Ցավով տեղեկացանք, որ սույն թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Արցախում ռազմական գործողությունների դադարեցման ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների միջև ստորագրած հրադադարի համատեղ հայտարարությունից հետո Արցախի Շուշի քաղաք մուտք գործած ադրբեջանցիները պղծել են Շուշիի Ղազանչեցոց Ս․ Ամենափրկիչ եկեղեցին՝ իրենց հետքը թողնելով եկեղեցու արտաքին և ներքին պատերին։

Խստորեն դատապարտում ենք կատարվածը՝ այն որակելով որպես բացահայտ վանդալիզմ ու անհանդուրժողականության դրսևորում։ Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը, իր հովանավոր ցեղասպան Թուրքիայի հետևողությամբ, շարունակի մշակութային ցեղասպանության իր քաղաքականությունը, որն արդեն տասնամյակներ շարունակ տարբեր դրսևորումներով իրականացվում է Ադրբեջանում և նրա կազմում գտնվող Նախիջանի Ինքնավար Հանրապետությունում։

Միաժամանակ կոչ ենք ուղղում միջազգային հանրությանն ու  միջկրոնական և միջեկեղեցական կառույցներին՝ իրենց ձայնը բարձրացնելու և համապատասխան քայլեր ձեռնարկելու՝ դադարեցնելու  համար Արցախում ադրբեջանական իշխանությունների կողմից կրոնամշակութային կոթողների ու հուշարձանների նկատմամբ նմանատիպ բարբարոսությունների և հակահայկական տրամադրությունների դրսևորումները։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
Միջեկեղեցական հարաբերությունների բաժին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել