Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման ինստիտուտի գործարկման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
«Արդեն ավելի քան երկու ամիս է Հայաստանում դե յուրե գործարկվել է ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մասին օրենսդրությունը և համակարգը: Այսօրվա մեր քննարկման նպատակն է հասկանալ, թե ուր ենք հասել այս ինստիտուտի ներդրման հարցում, ինչքանով է այն պատրաստ լիարժեք աշխատանքի և այս առումով առաջիկայում ինչ անելիքներ կան»,- խորհրդակցության սկզբում նշել է վարչապետը:
Զեկուցվել է, որ ներկայումս Գլխավոր դատախազությունում ձևավորված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը համապատասխան աշխատանքներ է տանում վարույթում առկա քրեական գործերի ուսումնասիրության, ապացուցողական բազայի համալրման ուղղությամբ: Վերը նշված աշխատանքները տարվում են շահագրգիռ գերատեսչությունների հետ սերտ համագործակցության միջոցով:
Վարչապետը կարևորել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի արդյունավետ իրականացումն ու այս հարցում ընդգծել համապատասխան մարմինների հետևողական համագործակցության կարևորությունը: