Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արդեն 3 օր է մեր ջոկատով վերադարձել ենք առաջնագծից: Միակ դրական բանը, որ կարող եմ նշել այն է, որ ջոկատից մարդկային կորուստներ չունեցանք: Այս օրերի ընթացքում մեր տղաներից 4-ը վիրավորվեցին:
Շուրջ 15 օր առաջնագծում անցկացնելով՝ շատ դրական ու բացասական երևույթներ, տարբեր անձանց գործողություններ տեսանք նաև, բայց խոսելու սիրտ ու ցանկություն չկա, ընդհանրապես՝ չկա:
3 օրից ավել է մտածում եմ, որ ավելի լավ էր ողջ չմնայի, չվերադառնայի ու այս ամենը չտեսնեի, բայց թշնամու մի արկ, մի գնդակ անգամ ինձ բաժին չհասավ: Ինչ երազանքով, նպատակով գնացել էինք, վերադարձանք դրան չհասած:
Այս պահին ունենք այն, ինչ ունենք: Ասում եմ այս պահին, որովհետև ես ու մեր ջոկատի տղաները ոչ թե վերջակետ, այլ բազմակետ ենք դրել ու վերադարձել: Կա այսօր ու վաղը, կա կիսատ թողած գործ, որը, անկասկած, շարունակելու ենք անկախ բոլոր հանգամանքներից: Վստահ եմ, որ այս միտքը, այս որոշումն ունեն տասնյակ հարյուրավոր, հազարավոր մարդիկ:
Պետք է յուրաքանչյուրս մեր մեջ ուժ գտնենք: Մեր միասնականությամբ, խելքով, ամուր կամքով դուրս ենք գալու այս ծանրագույն իրավիճակից ու լույս ենք բացելու հայոց աշխարհի վրա:
Իսկ հիմա, իրոք, խոսելու սիրտ չկա»։