«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է գործողությունների իր ծրագիրը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է գործողությունների իր ծրագիրը։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Բոլորիս համար չափազանց ծանր է եղել վերջին օրերի իրավիճակը։ Անասելի դժվար է ընդունել նոր իրականությունն ու ուժ գտնել շարժվելու առաջ։ Սակայն մեզ դեռ սպասում են բարդ ժամանակներ շատ մոտ ապագայում։

Ստեղծված իրավիճակից դուրս գալու նպատակով՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կազմել է գործողությունների ծրագիր։

I. Պարտության սիմվոլ վարչապետը հեռանում է։
Խորհրդարանն ընտրում է ժամանակավոր վարչապետ։
Ձևավորվում է իրենց ոլորտներում հաջողության հասած մարդկանց անցումային կառավարություն:

II. Հայ-ռուսական հարաբերությունների բարձր որակի ապահովում

III. Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված հայտարարության անորոշ դրույթների շուրջ բանակցությունների նախաձեռնում և վարում՝ հայանպաստ լուծումների հասնելու նպատակով: Արցախի ինքնորոշման իրավունքի վերջնական ամրագրման և կենսագործման, երկարաժամկետ կայունության և խաղաղության, հայկական շահը արտահայտող, հավասարակշռված համաձայնագիր ունենալու նպատակով՝ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով բանակցությունների ընթացքի վերականգնում։

IV. Հայաստան-Արցախ-Սփյուռք ներուժի համախմբում

V. Ներքին իրավիճակի կայունացում, բախումների դադարեցում, հանրային համերաշխության վերականգնում, պառակտող գործողությունների, բռնության կոչերի, ատելության խոսքի բացառում։

VI. Պետական ինստիտուտների վերականգնում, ամրապնդում: Իրավապահ մարմինների աշխատանքի խիստ համակարգում, երկրում կարգուկանոնի ամրապնդում՝ հանրային անվտանգության վերականգնման ապահովման նպատակով։

VII. Զոհված և վիրավորված զինծառայողների ու նրանց ընտանիքների կարիքների պատշաճ ապահովում։

VIII. Արցախահայության (այդ թվում՝ փախստականների) սոցիալական կարիքների անհապաղ լուծում և կենսագործունեության պայմանների վերականգնում Արցախում։

IX. Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետ համակարգում։

X. Միջազգային դոնորների համաժողովի հրավիրում՝ ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, ԵՄ 27 երկրներ, Իրան, արաբական երկրներ և այլն: Հայաստան-Արցախ ավիրված հատվածի վերականգնման համար առնվազն 1 մլրդ դոլար միջոցների ներգրավում:

XI. Հայկական դիվանագիտության թիմի աշխատանքների հիմնարար փոփոխություն, արտաքին քաղաքականության վերաիմաստավորում, նախաձեռնողական քաղաքականության վարում դաշնակից և այլ պետությունների հետ: Հայաստանի խախտված իրավունքների պաշտպանության նախաձեռնում միջազգային դատական ատյաններում:

XII. Տնտեսությունն ու բանակը վերականգնելու ազգային հեռանկարային ծրագրի մշակում, կայուն զարգացման ապահովում:

XIII. Ազատ, արդար ու թափանցիկ, հավասար պայմանների ապահովմամբ՝ խորհրդարանական ընտրությունների անցկացում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել