Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Արամ Հ.-ի (անունը փոխված է):
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ծառայելով ՀՀ ՊՆ թիվ X զորամասում որպես հրամանատարի մարտական գծով տեղակալ, կոչումով փոխգնդապետ, հանդիսանալով պետ` 05.12.2012թ. զորամասի 2-րդ գումարտակի մուտքի աստիճանների վրա զինվորական պարտականությունները կատարելու կապակցությամբ` ճաշարանից ուշանալու համար, զայրացել է իր ստորադրյալ` կրտսեր սերժանտ Էրիկ Ա.-ի վրա, ձեռքով դիտավորյալ հրել նրան, որի պատճառով վերջինս վայր է ընկել աստիճանների վրա ու ստացել առողջության թեթև վնաս:
Մեղադրյալի նկատմամբ խափնման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Տեղեկացնենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի` զինծառայողին վիրավորանք հասցնելը՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ ձևով ստորացնելը մեկ այլ զինծառայողի կողմից՝ նույն արարքը, որը կատարվել է ստորադրյալի կողմից պետի, ինչպես նաև պետի կողմից ստորադրյալի նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ՝պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net