Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Կոստանտին Մ.-ի:
Վերջինսի մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ծառայելով ՀՀ ՊՆ X զորամասում և զբաղեցնելով 1-ին գումարտակի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալի պաշտոնը, կոչումով մայոր, հանդիսանալով պետ և պաշտոնատար անձ, 12-11-2012թ.` ժամը 06:30-ի սահմաններում, «վերկացի» ժամանակ, նկատելով, որ նույն գումարտակի ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Ի.-ին զորանոցում դեռևս պառկած է, խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի կանոնները, խստապահանջ սպայի տպավորություն թողնելու, իր անձի թվացյալ առավելությունը Համլետ Ի.-ին ցուցադրելու, իր անձի շուրջ վախի մթնոլորտ ձևավորելու և հետագայում ժամկետային զինծառայողների կողմից նմանատիպ դեպքեր բացառելու անձնական շահագրգռվածությունից ելնելով` կատարել է իշխանազանցություն, այն է` սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով Համլետ Ի.-ի հասցեին` մեկ անգամ ձեռքով հարվածել է վերջինիս դեմքին, ապա շարունակել ձեռքերով հարվածներ հասցնել նրա մարմնի տարբեր մասերին` ծեծի է ենթարկել վերջինիս:
Այնուհետև միջադեպին ներկա գտնվող ժամկետային զինծառայողի կողմից իրեն Համլետ Ի.-ից հեռացնելու պահին մեկ անգամ ոտքով հարվածել է նրա ձախ ուսին` Համլետ Ի.-ի առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք, ինչով խախտել է զինվորական ծառայության կրման սահմանված կարգը` առաջացնելով էական վնաս:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նշենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի` պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, և եթե դրանք էական վնաս են պատճառել (գույքային վնասի դեպքում` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net