Մինչև 5 տարվա ազատազրկում է նախատեսված այն հոդվածով, որի հիման վրա ձերբակալվել են Գառնիկ Իսաղուլյանը, Արթուր Ղազինյանը, Իշխան Սաղաթելյանը

Հատուկ քննչական ծառայությունն այսօր՝ նոյեմբերի 12-ին հայտարարություն տարածեց այն մասին, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է 10 անձ։

Նրանցից Գառնիկ Իսաղուլյանը, Արթուր Ղազինյանը, Իշխան Սաղաթելյանը ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 307.1–րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով:

Իրավաբան.net-ը հայտնում է, որ Քրեական օրենսգրքի 307.1 հոդվածով սահմանվում է ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը։

Հոդվածի 1-ին մասում նշվում է․ «Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում սահմանված միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով»:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել