Ադրբեջանի հակաօդային ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում՝ երկրի դաշնակցի՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Մի-24 ուղղաթիռ խոցելը ակնհայտ ագրեսիա է և հարձակում է թե Հայաստանի, և թե Ռուսաստանի վրա: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը:
«Ադրբեջանի Հանրապետությունը ակնհայտ տեսնում էր, որ ուղղաթիռը թռնում է Հայաստանի տարածքով և ակնհայտ է, որ իրենից վտանգ չի ներկայացրել: Չնայած այդ հանգամանքին, իրենք օգտագործել են հակաօդային պաշտպանության միջոց և խոցել են ուղղաթիռը:
Մյուս կողմից, խոցվել է ռուսական 102-րդ բազայի ուղղաթիռը, իսկ հարձակումը ուղղաթիռների, օդանավերի վրա համարվում է հարձակում տվյալ պետության՝ Ռուսաստանի վրա: Այնպես որ, այստեղ կոպիտ խախտվել է երկու միջազգային օրենք»,- ընդգծեց Հարությունյանը:
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականը անհրաժեշտ է համարում նաև ուսումնասիրել Հայաստանի դաշնակցի ուղղաթիռի վրա հարձակմանը նաև Թուրքիայի անթաքույց մասնակցությունը, քանի որ ուղղաթիռը խոցվել է Նախիջևանից, իսկ այն գտնվում է Թուրքիայի վերահսկողության տակ:
«Ակնհայտ է, որ ուղղաթիռի թռիչքի բնույթը և ուղղությունը չէր կարող ադրբեջանա-թուրքական կողմի համար ընդունվել որպես սպառնալիք և այս առումով որևէ փաստարկ ընդունելի չէ»,- եզրափակեց Հարությունյանը: