Զորքերի տրամադրությունը մարտական է, տղաներն ամուր են ոգով և պատրաստ են մինչև վերջ պաշտպանել հայրենիքը․ Սուրեն Սարումյան

«Կա մի նրբություն․ մարտական գործողությունների տրամաբանությունը ենթադրում է գործողությունների զարգացում, որոշակի ժամանակահատված, որի ընթացքում տեղի են ունենում այդ գործողությունները։ Մարտական գործողությունների արդյունքների մասին կարելի է խոսել դրանց ամբողջության մեջ, երբ դրանք մոտենում են ավարին կամ արդեն ավարտվել են։ Մարտական գործողությունների աշխարհագրությունը ենթադրում է նաեւ գաղտնիության որոշակի նկատառումներ, այդ իսկ պատճառով երբեմն նպատակահարմար չէ խոսել նույնիսկ տարածքային ձեռքբերումների մասին։ Ամեն դեպքում, մենք մեր ժողովրդից թաքցնելու ոչինչ չունենք, խնդրում ենք հետեւել միայն պաշտոնական տեղեկություններին եւ աղբյուրներին»,-այս մասին հայտնում է ՊԲ ներկայացուցիչ Սուրեն Սարումյանը։

Նա նշել է նաև, որ մարտական գործողությունների առանձնահատկություններից մեկն այն է, որ ադրբեջանական կողմը կարողացել է ներթափանցել որոշ ուղղություններում Արցախի բուն տարածք։

«Այն հատվածներում, որոնք համարվում են անվտանգության գոտի, մեր նահանջը պայմանավորված է եղել մարտավարական նկատառումներով, այսինքն՝ երբ գործ ունենք հարթավայրային տարածքի հետ, իսկ ավելի նպաստավոր բնագծեր կարելի է զբաղեցնել բարձունքներում, ավելի նպատակահարմար է կատարել խուսավարում եւ զբաղեցնել այդ բարձունքները՝ հակառակորդի գործողություններին առավել արդյունավետ հակազդելու եւ խոցելու համար։ Արցախի տարածքում կատարվող գործողությունները հակառակորդին չեն ներվելու, վստահ եղեք, որ բանակը կարողանալու է ջարդել հակառակորդին, կարողանալու է զսպել նրա զավթողական նկրտումները եւ կարողանալու է անվերապահորեն կատարել իր խնդիրը։ Զորքերի տրամադրությունը մարտական է, վատատեսական տրամադրություններ չկան, տղաներն ամուր են ոգով եւ պատրաստ են մինչեւ վերջ պաշտպանել հայրենիքը»,-նշել է նա։

Սարումյանի խոսքով՝ կրկին թիրախավորվել են Արցախի խաղաղ բնակավայրերը, ոտեղ չկա որեւէ ռազմական օբյեկտ․ սա միանշանակ ռազմական հանցագործություն է։

«Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո․ վստահեցնում եմ, որ հաղթանակը մերն է լինելու»։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել